Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ` Հայաստանի կառավարությունը 1000 եվրո պետք է հատկացնի քաղաքացի Վարդան Մամիկոնյանին: Եվրադատարանը գտել է, որ խախտվել է ՀՀ քաղաքացու` արդար դատաքննության իրավունքը:
Երեւանի բնակիչ, 52-ամյա Վարդան Մամիկոնյանը մեղավոր էր ճանաչվել անզգույշ սպանության կատարելու համար` 2003թ օգոստոսին տեղի ունեցած ճանապարհային պատահարից հետո : Զոհը` Պ-ն, փողոցն անցնելիս` անսպասելի սկսել է վազել, եւ մեքենան հարվածել է նրան:
Վարդան Մամիկոնյանը դատապարտվել էր երկու տարվա ազատազրկման:
Վարդան Մամիկոնյանը փորձել է արդարադատություն գտնել Հայաստանում, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը չի ուսումնասիրել նրա` ներկայացրած միջնորդությունները` օրենքի դրույթների վերաբերյալ։ Սա էլ պատճառ է դարձել, որ նա դիմի Եվրադատարան:
Ի դեպ, Եվրադատարանի` նրա գործով որոշում կայացրած դատավորներից մեկն էլ եղել է ՀՀ ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը:

