Ապրիլմեկյան կոմունալ թանկացումներին ընդառաջ շուրջ 6 տոկոսով բարձրացել են նաեւ գրենական պիտույքների ու թղթի մեծածախ գները:
Եթե նախկինում ասենք` 96 թերթանոց տետրի մի տուփն արժեր 600 դրամ, ապա այժմ արդեն մեծածախ գինը դարձել է 650 դրամ: Նույնը վերաբերում է գրիչների, մատիտների, ռետինների,եւ այլ պիտույքների մեծածախ գներին:
Գների բարձրացումը մանրածախ շուկայում առաջիկա մի քանի օրերին միգուցե միանգամից չերեւա. դեռ կնվազի գրենական պիտույքներ ներկրողների սպասվելիք շահույթը: Ներկրողների վստահեցմամբ` թանկացումներն ակնառու կլինեն ամենաուշը մեկ շաբաթից, երբ նախկինում ներկրված ապրանքները կսպառվեն:
Ի տարբերություն գրենական պիտույքներին, թղթի գնի բարձրացումն արդեն ակնհայտ է: Օրինակ` մի տուփ A4 ֆորմատի սովորական թուղթը, եթե նախկինում արժեր 1350 դրամ, ապա հիմա այն 1500 դրամ է: Իսկ A4 ֆորմատի որակով թղթի գինը 1600-ից դարձել է 1800 դրամ:
Բարձրացել են նաեւ տպագրական ֆորմաների գները: Օրինակ` մեկ տուփ պերգամենտը 4900 դրամից դարձել է 5200: Տպագիր մամուլի վրա թղթի գների այս բարձրացումները դեռ չեն ազդի, քանի որ դեռ կան թղթի համապատասխան պաշարներ: Այս թանկացումները թուղթ եւ գրենական պիտույքներ ներկրողները պատճառաբանում են տարադրամի փոխարժեքի բարձրացմամբ, երբ ԱՄՆ դոլարը 370-ից դարձավ 395,91 դրամ:
Նրանց ասելով` իրենք իրենց գնային քաղաքականությունը սահմանել էին ԱՄՆ դոլարի 360-370 դրամի շրջանակներում: Ինչ վերաբերում է թղթի ներկրման մաքսային արժեքին, ապա այն չի փոխվել:
Մեր այցելած գրախանութներից «Անի» գրատանը թղթի ու գրենական պիտույքների գները չեն թանկացել: Ինչպես «Ա1+»-ին ասաց գրատան տնօրեն Քնարիկ Մանուկյանը` իրենք դեռ վաճառում են 2 տարի առաջ ներկրած ապրանքը եւ էլ չեն ներկրում, քանի որ հատկապես այս տարի մարդկանց գնողունակությունն ընկել է:

