«Մոսկվա կինոթատրոնը իրենից ճարտարապետական արժեք ներկայացնում է, բայց պատմամշակութային արժեք չէ եւ հանված է պատմամշակութային արժեքների ցանկից»,-այսօր հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ պնդեց դրա տեղում եկեղեցի կառուցելու նպատակահարմարությունը:
Նա տեղեկացրեց, որ դա Մոսկվա կինոթատրոնի սեփականատիրոջ ցանկությունն է, իսկ համաձայնություն տվել է նաեւ Մայր Աթոռը:
Իրենք թեեւ հաշվի են առել ճարտարապետների կարծիքը, բայց նպատակահարմար են գտել անել այնպես, ինչպես որոշել են սեփականատերն ու Եկեղեցին:
Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե ամեն ճարտարապետ էլ իր գործը կարող է համարել մշակութային արժեք, «բայց այդպես կարող ենք հեռուն գնալ»:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզան Առաքելյանն, ով այսօր այդ հարցը բարձրացրեց, նկատեց, որ Աբովյան փողոցի վրա գտնվող «Կաթողիկե» եկեղեցու հարեւանությամբ հսկայական տարածք է ազատված եւ արդյոք ավելի նպատակահարմար չէր այդ տարածքում կառուցել Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Կաթողիկեի հետ կդառնար մի ամբողջական համալիր:
Վարչապետն անդրդվելի էր, բայց ասաց, որ իրեն դուր են գալիս հասարակական քննարկումներն այս հարցի շուրջ եւ նա հավելեց, որ կարծում է` քննարկումների արդյունքում բոլոր կողմերի համար ընդունելի լուծում կգտնվի:

