13 միլիոնը գետնին հավասարվեց

19:39 | Մարտ 16, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՙՀեղեղ է, ահավոր հեղեղ՚. այս տողերը այսօր իրենց դասարանի գրատախտակին գրել էին Սյունքիի մարզի Սպանդարյան գյուղի աշակերտները:

Ամեն օրվա պես նրանք առավոտյան դպրոց են շտապել: Կրթօջախի բակ հասնելուն պես նկատել են, որ շենքի տանիքը ամբոջությամբ ուժեղ քամու հետեւանքով գետնին է տապալվել: Այստեղ անորոշ ժամանակով 83 աշակերտների համար դասերը դադարեցված են:

Գյուղի տարեցների հավաստմամբ վերջին 50 տարիների ընթացքում նման ուժգնության քամի համայքի տարածքում չի գրանցվել: Դպրոցի տնօրենն էլ կարծում է, որ դպրոցը ճիշտ տեղ չի կառուցվել:

Գյուղում 200 աշակերտի համար նախատեսված դպրոցական շենքը կառուցվել է 32 տարի առաջ: Իսկ կրթօջախի տանիքը եւ 2-րդ հարկն ամբողջությամբ հիմնանորոգվել են 2004թ.-ին պետբյուջեի հատկացրած 13 մլն դրամով:

ՙԵս հույս ունեի, որ նոր կառուցված տանիքը մի 100 տարի կդիմանա, բայց արի ու տես... Մանրահատակը խոնավությունից արդեն ուռչում է: Այ եթե գոնե անձեւ եկած չլիներ, կկարողանայինք դասեր անել: Երկրորդ հարկի բոլոր դասարաններում նույն պատկերն է, խեղճ հավաքարարները առավոտից փորձում են հատակը չորացնել, բայց ապարդյուն՚,- ասում է դպրոցի տնօրեն Գարուշ Ալեքսանյանը:

Հաստատության առաջին հարկում տեղակայված սպորտդահլիճի ապակիները կոտրատվել են, փեղկերը` ծռմռվել: Ըստ Գարուշ Ալեքսանյանի` դպրոցի տանիքը նորոգելու համար նվազագույնը 1 ամիս կպահանջվի: Դպրոցի տանիքը հնարավոր չի լինի վերանորոգել նախկին շինանյութով, այն շարքից դուրս է եկել:

Դպրոցից բացի տուժել են նաեւ գյուղի բնակիչների տներն ու անասնագոմերը: Էդիկ Մովսիսյանը արթանացել է բարձր աղմուկի ձայնից եւ տեսել, որ անասնագոմի տանիքը քամին քշել- տարել է հարեւանի բակ:

Հեղեղումների պատճառով անանցանելի են դարձել մի քանի գյուղեր մտնող ճանապարհահատվածներ:

Այսօր Սիսիանում համայնքների ղեկավարներին խորհրդակցության էր հրավիրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Կազմվել են հանձնաժողովներ` վնասի չափերը հստակեցնելու համար:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100