Կվտարե՞ն, թե կսեփականաշնորհեն

14:05 | Մարտ 16, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի Վարչական դատարանում այսօր սկսվեց Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքի հայցի քննությունը: Ընտանիքը պահանջում է Երեւանի քաղաքապետարանի ԾԻԳ-ից սեփականաշնորհել իր մոտ 60քմ ինքնակամ կառույցը:

Նշենք, որ տան տարածքը ՀՀ Կառավարության որոշմամբ ճանաչվել է հանրային գերակա շահ, եւ այն ձեռք է բերել բենզինի ներկրմամբ զբաղվող հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի որդին` Հայկ Բեգլարյանը:

Տան ընդհանուր մակերեսը 137 քմ է, սակայն սեփականաշնորհված է միայն 77 քմ-ն, որի համար էլ Հայկ Բեգլարյանը պատրաստ է փոխհատուցում տալ 33 մլն դրամ:

ԾԻԳ-ի իրավաբան Գեղամ Թադեւոսյանը դատական նիստի ընթացքում հանդես եկավ հակընդդեմ հայցով` պահանջելով վտարել Բուզանդի 83 հասցեում բնակվող մարդկանց` նշելով, որ տարածքը դարձել է համայնքի սեփականություն:

Ընտանիքի շահերը ներկայացնող փաստաբան Էդգար Բադումյանն էլ դատարանից ժամանակ խնդրեց` հակընդդեմ հայցին ծանոթանալու համար: Դատավոր Արթուր Առաքելյանը բավարարեց միջնորդությունը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 12-ին` ժամը 16.00-ին:

 

 

 

 

 

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100