«Ա1+»-ն այսօր ահազանգ էր ստացել, որ Գոշավանքից դեպի Գոշի լիճ տանող ճանապարհին մեծաքանակ ծառահատումներ են իրականացվել:
«Թեղուտի պաշտպանության» խմբի ակտիվիստներից Մարիամ Սուխուդյանի վստահեցմամբ` դրանք 50-ից ավելի հաստաբուն, առողջ ծառեր էին, որոնք ըստ նրա` ոչ թե սանիտարական հատման էին ենթարկվել, այլ անօրինաբար կտրվել:
Պարզաբանումների համար դիմեցինք «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Դավթյանին: Նա մեզ հավաստիացնում էր, որ այդ տարածքում գոյություն ունի օրինական հատատեղի, որտեղ աճող շուրջ 40 ծառն էլ հենց կտրել են: Նա նաեւ տեղեկացրեց, որ դրանք բոլորն էլ համարակալված, անտառահատման տոմսերը դուրս գրված, «գումարները մուծված ծառեր են»: Մեր այն հարցին, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակներով է այդ «գումարները մուծվել», պարոն Դավթյանը տվեց շատ կոնկրետ պատասխան. «Գումարները մուծել է Դիլիջանից անհատ ձեռներեց` Արմեն Հովսեփյանը: Ես չգիտեմ` այդ փայտն ինչ է անելու` կարող է տանն օգտագործի, կարող է վաճառի»:
Ինչ վերաբերում է ծառահատումներին, ապա ազգային պարկի տնօրենը այսպես մեկնաբանեց. «Նորմալ, պաշտոնական սանիտարական հատումներ են, որոնք թույլատրվել են ՀՀ Կառավարության կողմից հաստատված 2006-11թթ.-ի մեր կառավարման պլանով»: Ըստ այդ պլանի` իրենք ամեն տարի պետք է հատեն 1500 խմ տարածք: Այս տարի, նրա ասելով` Գոշ լճի տարածքում այլեւս ծառահատում չի լինի: Իսկ հաջորդ տարի հատում կանեն, եթե կառավաման պլանով հաստատվի ծառերի նոր խմբաքանակը:
Նա վստահեցնում էր, որ դրանք գերհասուն ծառեր են, որոնց խիտ շարքը վնասակար է անտառզարգացմանը: «Վերեւի կամ ներքեւի հատվածից սկսելով փտել` գերհասունները կարող են հիվանդություն տարածել իրենց շուրջ»,- ընդգծեց Աշոտ Դավթյանը:
«Էկոլուր» տեղեկատվական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք եւս այդ մասին ահազանգ են ստացել եւ պատրաստվում են գնալ Դիլիջան` տեղում ծանոթանալու իրավիճակին:
«Մենք նաեւ այլ ահազանգեր ենք ստանում, որ այնտեղ բացի սանիտարական հատումներից, բազմաթիվ այլ, անօրինական հատումներ են իրականացվում: Դա պետք է հասարակական մոնիթորինգի առարկա դառնա, քանի որ «Դիլիջան» ազգային պարկն ամեն տեղից հատվում ու հատվում է»,- հայտարարեց նա:

