«Վախենում եմ բարեկեցությունից։ Կյանքում ինձ համար գլխավորը պատասխանատվությունն է, ինչը պետք է զգաս շուրջդ կատարվող ամեն ինչի հանդեպ»։ Այս խոսքերը պատկանում են բոլոր ժամանակների ամենատաղանդավոր մարդկանցից մեկին, մնջախաղի մեծ վարպետ, բեմի թերեւս ամենամտածող «ծաղրածու», ամենատխուր եւ ամենաուրախ մարդուն`Լեոնիդ Ենգիբարովին: Այսօր նա կդառնար 75 տարեկան:
Ինչպես հատուկ է կրկեսի այդ ժանրի ներկայացուցիչներին, նրա բեմական կյանքն էլ տարբերվում էր իրականից: Զվարճացնելով իր հանդիսատեսին` Ենգիբարովը իրականում տխուր էր: Եվ այդ իրականի մասին նա ստեղծագործում էր, գրում էր նովելներ, փոքր պատմվածքներ: Իրական Ենգիբարովը հենց այդ մտածող ու ստեղծագործող անհատն էր:
Լեոնիդ Ենգիբարովը ծնվել է 1935թ. Մոսկվայում։ Նրա հայրը հյուրանոցի ռեստորանում շեֆ խոհարար էր, մայրը՝ տնային տնտեսուհի։ Ու թեեւ ծնողները արվեստից հեռու մարդիկ էին, երեխաներն ընտրեցին արվեստի դժվարին ու խորդուբորդ ուղին: Նրա ավագ եղբայրը` Միխայիլը, դարձավ նկարիչ, միջնեկ եղբայրը` Հրաչյան, թատերական ռեժիսոր եւ գրող, իսկ ինքը շատ երկար ժամանակ չէր կողմնորոշվում` ինչ մասնագիտություն ընտրել: «մարդ շատ հաճախ երազում է ձեռք բերել այն, ինչ չունի: Մեր ընտանիքում մենք բոլորս ապրում էինք միասին եւ ես բոլորից առանձնանում էի նրանով, որ բացարձակապես հումորի զգացում չունեի, ինչի պատճառով հետագայում ընտրեցի հենց ծաղրածու մասնագիտությունը»:
«Ծաղրածուն պետք է լինի բացարձակապես լուրջ անձնավորություն,որպեսզի կարողանա զվարճացնել մարդկանց»,- սեփական փորձից ելնելով ասել է Լեոնիդ Ենգիբարովը:
Ենգիբարովի համար բեմ տանող ուղին երկար էր։ Նախքան կյանքը կրկեսին նվիրելը Ենգիբարովը փորձել է զբաղվել ձկնաբուծություն, պրոֆեսիոնալ բռնցքամարտով և այլ մասնագիտություններով: Սակայն 1955թ.ը վճռական էր նրա կյանքում. Կրկեսային արվեստի պետական վարժարանում բացվել էր ծաղրածուների արվեստի բաժին, և Ենգիբարովի որոշումը կայացված էր։ Նա գտավ իրեն:
Մեր հայրենակցի հիշատակը հավերժացնում է Երեւանի պետական կրկեսի առջեւ տեղադրված հուշարձանը,որը նույնքան պլաստիկ ու տխուր է, որքան ինքը`Ենգիբարովը:

