Գումարը ճանապարհին է

12:05 | Մարտ 15, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Որոշակի գումար է հայտնվել վտանգավորություն ներկայացնող Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Այդ գումարը ԵԱՀԿ գրասենյակի ֆինանսավորմամբ է:

Գերեզմանոցը 40 տարվա պատմություն ունի եւ այնտեղ են թաղված 512 տոննա օրգանական աղտոտիչներ, քիմիկատներ, որոնք պարունակում են նաեւ ծծումբ, արսեն, ֆոսֆոր, սնդիկ, բայց հիմնական մասը ДДТ -ն է եւ քլորեքսանը: Այն հիմա սողանքային գոտի է համարվում եւ իր նախնական դիրքից տեղաշարժվել է 10 մետր: Պարզվում է` թունաքիմիկատները թաղված են առանց տեսակավորման, լցված են իրար վրա, ժամանակի ընթացքում թղթե տոպրակները քայքայվել են եւ կարող են անջատվել քիմիական նյութեր, որոնք եւս տարածքի համար կարող են լինել վտանգավոր: Հողերն այդպես հոսելով կարող են խառնվել մերձակա Ողջաբերդ, Մուշավանք, Գեղադիր գյուղերի ամառանոցային հատվածների հողերին եւ թունավորումներ առաջացնել: Մասնագետների պնդմամբ` այս ամենի միակ լուծումը գերեզմանոցի ուտալիզացիան է (մի տեղից մյուսը տեղափոխել- խմբ.), ինչի համար պահանջվում էր որոշակի գումար:

Հայաստանի փրկարար ծառայության տեխնածին վթարների, հակաքիմիական եւ հակաճառագայթային պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարապետ Կարապետյանի հավաստիացմամբ` ԵԱՀԿ գրասենյակի հետ արդեն կա մշակված ծրագիր, որը հաստատվել է այս տարի: Տարվա ընթացքում նախատեսվում են միջոցառումներ, կստորագրվի հուշագիր Բնապահպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների վարչության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ համատեղ եւ ԵԱՀԿ ֆինանսավորմամբ կիրականցնեն աշխատանքներ:

Ծրագրի առաջին փուլում` մինչեւ հուլիս, կուսումնասիրեն տարածքի սողանքային վիճակը, քիմիական վիճակը, այնուհետեւ` կաշխատեն այն մեկ այլ վայր տեղափոխելու ուղղությամբ:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100