Կվերականգնե՞ն կանաչ տարածքը

15:17 | Մարտ 15, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շաբաթ օրը վաղ առավոտից Պուշկինի 3 շենքի պուրակում ծանր տեխնիկա էր աշխատել եւ կանաչ տարածքը բնաջնջելով մեծ փոս էր փորել: Բնակիչները ասեկոսեների միջոցով տեղեկացել են, որ այդտեղ նախատեսվում է հարեւանությամբ գտնվող էլիտար շենքի համար ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել:

«Այստեղ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելով նրանք մի քանի վնասներ են տալիս: Առաջին, որ կանաչ տարածքը բնաջնջելով մեզ միայն գազ շնչել են թողնում: Երկրորդ, շենքի ֆունդամենտը 7 մետր փորում են, ինչը մեր շենքը դարձնում է վթարային: Էլ չեմ ասում, որ շինարարության պատճառով վնասեցին մեր ջրագիծը»,- բողոքում էին Պուշկինի 3 շենքի բնակիչները:

Երեւանի քաղաքապետարանում տեղյակ են, որ Աբովյան-Պուշկին խաչմերուկում էլիտար շենքի համար ստորգետնյա ավտոտնակ սարքելու համար կանաչ տարածք է վնասվում: Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը «Ա1+»-ի հետ զրույցում փաստեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու համար առկա է քաղաքաշինական հաստատված նախագիծ:

Սակայն բնակիչները պնդում են, որ քաղաքաշինության նախարարությունից իրենց ասել են, թե նշված տարածքում քաղաքաշինական գործունեություն սկսելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել:

Քաղաքապետարանի պաշտոնյան ի պատասխան բողոքների ասաց, թե կանաչ տարածքը Երեւանի սեփականությունն է եւ ծրագրերի շրջանակներում նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելուց հետո վերականգնել տարածքը: Ինչ վերաբերվում է վթարային դառնալուն, ապա նա հավելեց. «Նախագիծը ունի սահմանված կարգով անցած փորձաքննություն եւ եթե նման հարցեր լինեին, ապա բնականաբար այդ նախագիծը չէր հաստատվի»: Իսկ ջրագծերի հետ կապված էլ նշեց, թե միշտ էլ շինարարություն իրականացնելիս նման դեպքեր են գրանցվում, սակայն նույն օրը վերականգվում են, ինչը արվել է նաեւ այդ տարածքում:

Ի դեպ, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում է «Լոկալ Դիվելոփրզ» կազմակերպության նախագահ Սամվել Մայրապետյանը, ով նաեւ Երեւանի մի շարք այլ էլիտար շենքերի կառուցապատողն ու սեփականատերն է:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100