Ուսանողը հոգեկան խանգարում է ստացել

15:48 | Մարտ 15, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ա1+»-ն այսօր ահազանգ է ստացել, որ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի (ԵԿԹՊԻ) դերասանառեժիսուրական բաժնի 1-ին կուրսի ուսանող Կառլեն Աբրահամյանը դաժան ծեծի է ենթարկվել:

Մեզ հայտնած տեղեկություններով` Կառլեն Աբրահամյանին ծեծի են ենթարկել նրա համակուրսեցիները` մի աղջկա պատճառով: Ծեծված տղային ուշագնաց վիճակում տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ՀՀ Ոստիկանության լրատվության վարչությունից մեզ տեղեկացրին, որ իսկապես նման դեպք տեղի է ունեցել: Կառլեն Աբրահամյանն ինստիտուտում ծեծի է ենթարկվել մարտի 10-ին ժամը 14:00-ին: Նրան ծեծել են նույն ինստիտուտի ուսանողներ Նարեկ Խ.-ն, Տիգրան Մ.-ն եւ ոմն Հունան:

Ոստիկանությունից հայտնեցին, որ Նարեկ Խ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք, Տիգրան Մ.-ն անձամբ է ներկայացել, իսկ Հունանի անձը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են միջոցառումներ: Այս պահին կատարվում է նախաքննություն:

«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի պետ Գագիկ Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Կառլեն Աբրահամյանը իրենց մոտ է տեղափոխվել գանգուղեղային տրավմայով: «Հիմա նա գիտակցության էլեմենտ ունի, սակայն նրա մոտ նկատվում է հետտրավմատիկ փսիխոզ, այսինքն` տրավմայից հետո հոգեկան խանգարում: Այժմ սպասում ենք հոգեբույժին, որ գա, կոնսուլտացիա անի, որպեսզի հասկանանք, թե հետագայում ինչ ենք անելու»,- ասաց բժիշկը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100