Արտակարգ իրավիճակ Բռնակոթում

14:04 | Մարտ 13, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 12-ին տեղեցած անձրեւը արտակարգ իրավիճակ է ստեղծել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: Վարարել եւ հունից դուրս է եկել գյուղի միջով հոսող Ղազարի գետը` լցվելով ափամերձ տների նկուղներն ու անասնագոմերը:


«Լավ է գոմում կանալիզացիա կա, գոմի ջուրը կանալիզացիայով գնացել է: Անասունները ջրի մեջ էին»,- ասում է Կարինե Մարտիրոսյանը:

Մարդիկ ստիպված իրենց անասունները տեղափոխել են առավել անվտանգ անասնագոմեր:

«Գետը ժամանակին այնքան մաքուր ու զուլալ է եղել, որ բուրդ ու աղուն էինք լվանում, հիմա ինչ ասես, որ չեն լցնում գետի մեջ, ինչ ասես կտեսնես գետում: Չի կարելի, դրա համար էլ առաջը փակվել է, մարդկանց հասցնելով զգալի վնասներ: Ինչ որ տեղ լավ եղավ, որ գետը վարարեց եւ աղբը քշեց տարավ, հիվանդության բուն էր»,-ասում է Էլլա Ավագյանը:

Ինչպես շատ ու շատ գյուղերում Բռնակոթում եւս աղբավայր չլինելու պատճառով մարդիկ իրենց կենցաղային աղբը գետն են լցնում:

«Մեր աղբարկղը Ղազարի գետն է, մարդիկ բոլորն էլ աղբը գետն են լցնում, բա ինչ անեն», վրա է բերում Նվարդ Բալյանը:

Երեկվանից գյուղում համայնքի բնակիչների հետ աշխատում են նաեւ Փրկարար ծառայության Սիսիանի տեղամասի աշխատակիցները: Դեպքի վայր էր այցելել մարզպետարանի գյուղվարչության պետը, ծանոթացել իրավիճակին:
«Ոչ միայն Բռնակոթում այլ նաեւ Սիսիանի տարածաշրջանի Աշոտավան, Հացավան, Սալվարդ, Տոլորս, Ախլաթյան գյուղերում տարվա այս շրջանում գետերի վարարումները բավականին լուրջ վնասներ են հասցում գյուղատնտեսությանը: Մշակվել եւ գյուղնախարարություն է ներկայացվել հակահեղեղատարային պատնեշներ կառուցելու ծրագիրը: 15-20 օրից մարզում կսկսվեն գետերի հուների մաքրման աշխատանքները»,-նշում է մարզի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը:

Վերջինիս տեղեկատվությամբ անցած տարի գետերի հուների մաքրման նպատակով մարզին հատկացվել է 18 մլն դրամ: Բռնակոթցիները հավաստիացնում են, որ Ղազարի գետի հունը մաքրվել է 4 տարի առաջ:

Գյուղապետարանում ճշտում են հասցված վնասի չափերը, նախնական հաշվարկով 50-60 հա տնամերձ հողամասերի հողի արտաքին շերտը ջուրը քշել-տարել է: Նշված հողամասերը այս տարի մարդիկ չեն կարող մշակել: Գետի վարարման հետեւանքով քանդվել են կամուրջներ:

Գյուղապետ Ատոմ Առաքելյանը մտավախություն ունի, եթե անձրեւները շարունակվեն ապա համայնքին հասցված վնասը կավելանա:

«Գյուղի մեծերն ասում են, որ գետը միշտ վարարել է ապրիլ ամսին պայմանավորված ձնհալներով: Մարտ ամսին գետի վարարելը մեզ անակնկալի բերեց, պետք է խոստովանեմ, որ մենք պատրաստ չէինք: Եթե կարկուտ լինի, եղանակներն էլ տաքանան վիճակը էլ ավելի վատ կլինի, որովհետեւ գյուղը շրջապատող սարերում դեռ շատ ձյուն կա», նշում է համայնքի ղեկավար Ատոմ Առաքելյանը:

Աշխատանքների ընթացքը դժվարացնում է այն, որ գյուղում չկա տեխնիկա, առկա է նաեւ վառելիքի պակաս, մարզպետարանից խոստացել են աջակցել:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100