Երեւանցիներից շատերը տեղյակ չէին, որ ՀՀ Կառավարությունը որոշել է քանդել «Մոսկվա կինոթատրոնի» ամառային դահլիճի շենքը եւ նույն տեղում վերակառուցել 1930թթ.ականներին քանդված 5-րդ դարում կառուցված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին: Որոշ լուրերի համաձայն` «Մոսկվա կինոթատրոնի» տնօրեն Մարտուն Աթոյանը տարածքն ինքնակամ չի անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, նրան պարտադրել են:
Շրջանառվող լուրերը պարոն Աթոյանից պարզել չհաջողվեց: «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ-ից «Ա1+»-ին հայտնեցին, որ տնօրենը խիստ զբաղված է. հյուրեր ունի եւ լրագրողների հարցերին կարող է պատասխանել միայն երկուշաբթի:
Մինչ երկուշաբթի «Ա1+»-ն այսօր շրջեց «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում` Կառավարության որոշման վերաբերյալ շարքային երեւանցիների կարծիքներին ծանոթանալու համար:
«Ինչպես կարելի է քանդել ամառային դահլիճը: Դա հին ավանդույթ է: Երեւանցիների հարազատ վայրերից է: Ժամանակին կոմունիստները քանդեցին նույն վայրում կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցին: Հիմա նույն սխալը իրենք են գործում: Մեկ խաչմերուկ վերեւ եկեղեցի ունենք` Կաթողիկեն, թող հանգիստ թողնեն կինոթատրոնը»,- զայրացած ասաց բնիկ երեւանցի Սուսաննա Հակոբյանը:
Հարցման մասնակիցներից մեկը, երբ տեղեկացավ, որ կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու որոշման հեղինակը Կառավարությունն է, ասաց. «Եթե վարչապետն այդքան Աստվածասեր է, թող իր անձնական առանձնատները քանդի, եւ դրա տեղում եկեղեցիներ կառուցի: Քանդելն ամենահեշտ բանն է: Ինչո՞ւ են ուզում ամեն ինչ քանդել: Ու՞ր են հասնելու քանդելով»:
Կինոթատրոնի քանդելուն հատկապես դեմ էին երիտասարդները: «Երեւանից շատ քիչ բան է մնացել: Շատ քիչ տեղեր կան, ուր կարող են այցելել երիտասարդները: Ես եկեղեցիներին դեմ չեմ, բայց չի կարելի ամեն ինչ քանդել, ամեն քայլափոխի եկեղեցի ունենալու համար»,-ասաց Արսեն Մաթեւոսյանը:
Կային նաեւ անտարբեր քաղաքացիներ:
«Կարծում եմ, որ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա սրահը իրենից որեւէ արժեք չի ներկայացնում: Այն քանդելը ճիշտ է»,- ասաց մի երիտասարդ, որը չցանկացավ հայտնել իր անունը` փոխարենը նշելով, որ բնիկ երեւանցի չէ:
Կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու որոշումը վշտացրել է նաեւ հեռուստալրագրող Արթուր Բախտամյանին: «Ես հասկացա, թե ինչ է կինոն, երբ եկա «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճ: Դա էլ իմ պատմությունն է, որ քանդվում է: Չի կարելի առաջ գնալ քանդելու սկզբունքով, դրա համար մեր երկրում մենք ոչ մի հին բան չունենք: Ով է գալիս է քանդում է»,- «Ա1+»-ին ասաց պարոն Բախտամյանը:
Հիշեցնենք, որ 2000 ավելի մտավորականներ միացել են«Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությանը,ով դեմ է կառավարության այս որոշմանը:

