«Դալմացիները» դիմել են դատարան

10:40 | Մարտ 12, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարտի 15-ին, ժամը 13:00-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը կորոշի վտարե՞լ Երեւանի Դալմայի այգիների տարածքից հողօգտագործող Օնիկ Վարդանյանին, թե՞ ոչ:

10 տարի այգին մշակած Օնիկ Վարդանյանը համարում է, որ հողատարածքը պետք է սեփականաշնորհվի իրեն: Նույն համոզմունք ունեն նաեւ Դալմայի այգիների մյուս հողօգտագործողները:

«Եթե որեւէ մեկին պետք է տային այդ հողը, ապա միայն Օնիկ Վարդանյանին, որովհետեւ 10 տարուց ավելի ինքն էր այդ հողի վրա քրտինք թափել»,- ասում է բնապահպան Ռուզաննա Ղազարյանը, ով եւս հողատարածք ունի Դալմայում:

Ըստ նրա` դատարանի որոշումը նախադեպ կդառնա Դալմայի մյուս հողօգտագործողների համար: Ռուզաննա Ղազարյանը նշում է, որ վեճի առարկա հանդիսացող` Դալմայի այգիների ծառերի, այդ թվում խաղողի վազերի արժեքը չի որոշվել «համապատասխան մեթոդիկայի բացակայության պատճառով»:

Այդ մասին նշվում է նաեւ ՀՀ Փորձաքննությունների Ազգային Բյուրոյի կողմից Դատարանին ներկայացված մի փաստաթղթում:

«Այսինքն` ստացվում է, որ Հայաստանում ծառերն ու թփերն արժեք չունեն եւ չեն ունենա, քանի դեռ դրանց արժեքը որոշելու մեթոդիկան ի հայտ չի եկել: Իսկ դա, երեւի, կլինի միայն այն ժամանակ, երբ բոլոր ծառերն ու թփերն արդեն իսպառ հատված կլինեն, ու կանաչ տարածքներին փոխարեն կլինեն միայն շենքեր»,- բողոքեց բնապահպանը:

Հիշեցնենք, որ կառավարության որշմամբ` Դալմայի այգիները պետք է օգտագործվեին կառուցապատման նպատակով: Իսկ այդ տարածքում մոտ 1800 հողօգտագործողներ կան, որոնք ոռոգման ջրի բացակայության պայմաններում կանաչ գոտի են ստեղծել:

«Երբ պայմանագրեր կնքեցին հողօգտագործողների հետ, կառավարությունը հստակ էր որոշել, որ եթե հետ վերցնեն պետական հողերը պետական կարիքների համար ոչ թե զվարճանքի կենտրոնի համար, այդ ժամանակ մարդկանց իրենց համաձայնությամբ կամ կտան համարժեք փոխհատուցում, կամ կտան հողամաս:Մինչդեռ ոչինչ չարվեց»,- ասաց Ռուզաննա Ղազարյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100