Գումար` անվճար վկայականի համար

10:45 | Մարտ 12, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի մի շարք համայնքների Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժանմունքներում նորածիններին ծննդյան վկայականները տրամադրվում են որոշակի գումարի դիմաց:

«Երեխայի ծնվելու հաջորդ օրը գնացի քաղաքացիական կացության ակտերի գրանցման Քանաքեռ-Զեյթունի բաժանմունք: Մի քանի թուղթ լրացրեցին, իսկ երբ վկայականը պատրաստ էր, ասացին, որ պետք է վճարեմ 4000 դրամ»,- «Ա1+»-ին ասաց  մի քաղաքացի:

Նա գումարի դիմաց կտրոն չի պահանջել` մտածել է, որ պետական մուծում է, մանավանդ, որ բաժանմունքում գտնվող մի քանի ծնողներ եւս վկայել են, որ վճարել են 4000 դրամ:
Մեկ այլ ծնող էլ` Կարապետ Հակոբյանը, «Ա1+»-ին հայտնեց, որ որդու համար ծննդյան վկայականը Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Արաբկիրի բաժանմունքից ստացել է, երբ վճարել է 2000 դրամ:

Ի դեպ նկատենք, որ ծննդյան վկայականներից բացի առանձին վաճառվում են նաեւ դրանց կաշվե պատյանները: «Մալաթիա Սեբաստիա համայնքում , թեև ծննդյան վկայականի դիմաց գումար չուզեցին, սակայն ասացին, որ կաշվե պատյանի համար պետք է վճարեմ 1000 դրամ»,-նշեց մեկ այլ ծնող:

Պարզաբանումների համար դիմեցինք Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանին: Նա «Ա1+»-ին հայտնեց, որ ծննդյան վկայականների համար օրենքով սահմանված վճարներ չկան:

«Որոշակի գումար ` մոտ 1000 դրամ սահմանված է, ասենք, հայրության ճանաչման կամ այլ դեպքերի համար, բայց ծննդյան վկայականները ծնողներին տրամադրվում են անվճար»,-ասաց նա: Ինչ վերաբերում է համայնքային բաժանմունքներում երեխայի ծննդյան վկայականի համար տրամադրվող պատյանների վաճառքի փաստին, ապա ըստ Լանա Մշեցյանի, իրենք պատասխանատու են միայն վկայականների թղթային տեսքի համար: Թե ինչ է կատարվում համայնքային բաժանմունքներում, ըստ Լանա Մշեցյանի, իրենք տեղյակ չեն:

«Արդարադատության նախարարությունում գործում են համապատասխան հեռախոսահամարներ, գործում է նաեւ մեր կայքէջը, որում արձագանքում ենք յուրաքանչյուր բողոքի: Նման դեպքերում մեր բնակիչները պարզապես պետք է մեզ տեղյակ պահեն խախտման մասին»,-նշեց նա:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100