Հունաստանի արհմիությունները հայտարարել են համազգային 24 ժամյա գործադուլ: Նրանք բողոքում են հարկերի բարձրացման եւ սոցիալական վճարների կրճատման որոշման դեմ: Ակցիային մասնակցում են մոտ 2.5 միլիոն մարդ: Լիովին դադարեցվել է երկրի հասարակական տրանսպորտի աշխատանքը: Աշխատանքի դուրս չեն եկել շատ լրագրողներ, բժիշկներ, ավիադիսպետչերներ, հետաձգվել են մի շարք չվերթներ:
Յուշչենկոն դեմ է
Ուկրաինայի Գերագույն Ռադայում նոր կոալիցիա է ձեւավորվել: Դրանում ընդգրկվել են «Տարածաշրջանների կուսակցության», «Լիտվինի բլոկ» Կոմունիստական կուսակցությունը եւ «Տիմոշենկոյի Բլոկ»-ից եւ «Մեր Ուկրաինա» միությունից հեռացած պատգամավորները: Նոր կոալիցիան կոչվում է «Կայունություն եւ բարեփոխումներ»: Արդեն հայտարարվել է Ուկրաինայի հավանական վարչապետի անունը` «Տարածաշրջանների» կուսակցությունից Նիկոլայ Ազարով: Նոր կոալիցիայի ձեւավորման դեմ բողոքել են Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն եւ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Վերջինը, ով նոր վարչապետի աթոռի հավակնորդներից էր, քաղաքացիներին անհնազանդության կոչ է արել:
Ամենահարուստը մեքսիկացին է
Ամերիկյան «Ֆորբս» ամսագիրը հրապարակել է 2009 թվականի ամենահարուստների ցուցակը: Այն գլխավորում է մեքսիկացի մեդիամագնատ Կարլոս Սլիմը, որի կարողությունը գնահատվում է 53.5 միլիարդ դոլար: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը /53 միլիարդ դոլար /, ամերիկացի ֆինանսիստ Ուորեն Բաֆֆեթը/ 47 միլիարդ դոլար/ Ամսագրի տվյալներով, այս տարի միլիարդատերերի թիվն աճել է 218-ով, որոնցից 62- ը Ասիայից են: Աշխարհում այսօր կա 1011 մարդ, որոնց կարողությունը մեկ միլիարդ դոլարից ավելի է: Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանը զգալիորեն թուլացրել է իր դիրքերն այս աղյուսակում՝ անցյալ տարվա համեմատ նահանջելով 209 տեղով և հաստատվելով 307-րդ տեղում։ Քրքորյանն այժմ ստիպված է բավարարվել 3.1 մլրդ դոլարով, մինչդեռ անցյալ տարի նրա կարողությունը գնահատվում էր 5 մլրդ։
Ցուցակի հայազգի մյուս միլիարդատերը ռուսաստանաբնակ գործարար Դանիիլ Խաչատուրովն է՝ 1.2 մլրդ դոլար, որը 0.8 մլրդ դոլարով ավելի է անցյալ տարվա ցուցանիշից։
Այս փուլում` ոչ մի բանակցություն
Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասը հրաժարվել է ամերիկացիների միջնորդությամբ Իսրայելի հետ բանակցություններից: Որոշումը նա ընդունել է այն բանից հետո, երբ Իսրայելի ՆԳՆ-ը հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում հրեա պաղեստինցիների համար 1600 բնակարան կառուցելու մտադրության մասին: «Այս փուլում պատրաստ չենք բանակցություններին եւ որոշել ենք դադարեցնել ամեն տեսակի կապերը»,-հայտարարել է Մահմուդ Աբբասը:

