«Օգնեցեք, մեզ վտարում են» խորագրով պաստառներն էին փակցված Աբովյան փողոցի վրա գտնվող «Միլանո» խանութի ապակիներին: Երեկ վտարման գործողությունները իրակացնելիս` հարկադիր կատարողները «Միլանո»-ի հագուստները տարել են անհայտ ուղղությամբ:
«Վտարման ընթացքում հարկադիր կատարողները շատ անփույթ, անխնամ թանկարժեք հագուստները եւ կոշիկները տեղավորեցին պարկերի, կեղտոտ արկղերի մեջ եւ առանց պատշաճ գույքագրում կատարելու հապշտապ կատարեցին իրենց գործողությունները: Նրանց գործելաոճից երեւաց, որ նրանց ուղղակի հանձնարարված է մեկ օրվա ընթացքում դատարկել տարածքը»,- «Ա1+»-ին ասաց «Միլանո» խանութի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը:
Իսկ թե որտե՞ղ են այդ հագուստները, ոչ-ոք չի ցանկացել պատասխանել: Ղուկասյանի տեղեկություններով` դրանք տարածքի նոր սեփականատիրոջ` «Ավո» ՍՊ ընկերությունում են:
Այսօր առավոտյան Հովհաննես Ղուկասյանը հացագործության մասին հաղորդագրությամբ դիմել է ՀՀ Դատախազություն՝ քրեական գործ հարուցելու մասին խնդրանքով։
«ԴԱՀԿ ծառայողների գործողությունները ես գնահատում եմ որպես հափշտակություն, որը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է (կողոպուտ)»,-ասված է դիմումում:
Ավելացնենք, որ «Միլանո»-ին վտարում են առանց համապատասխան պայմանագրի կնքման:
Ըստ Հովհաննես Ղուկասյանի`իրենք բազմաթիվ անգամ փորձել են հանդիպել տարածքը ձեռքբերած «Ավո» ՍՊԸ-ի տնօրեն Ավետիս Կարագուլյանին եւ նրա փաստաբան Սեյրան Գրիգորյանի հետ` պայմանագիր կնքելու համար:
Վերջապես հաջողվել է խոսել փաստաբանի հետ, իսկ վերջինս, փոխանցելով Կարագուլյանի խոսքերը, ասել է, որ «ոչ մի պայմանագիր չի կնքելու, քանի որ վճարել է ԴԱՀԿ-ին, որ նրանց վտարեն տարածքից»:
«Ինքը կատարել է վճարումներ, որ մեզ վտարեն տարածքից, այսինքն ինքը համագործակցում է հարկադիր կատարողների հետ, այլապես ինչպես կարելի է հասկանալ, որ մեր ապրանքները ի պահ են տալիս Ավետիս Կարագուլյանին»,-ասաց Ղուկասյանը:
Հնարավո՞ր է այս գործընթացը Հովհաննես Ղուկասյանի քաղաքական հայացքների հետ է կապված.
«Ես ոչ մի կուսակցության անդամագրված չեմ: Դժվարանում եմ ասել, բայց կա ինչ-որ մեկը, որ շահագրգռված է այս հարցում, այլապես հարկադիր կատարողները նմանատիպ ապօրինություններ չէին կարող թույլ տալ»,- եղավ պատասխանը:
Նշենք, որ այսօր օտարման գործընթացը շարունակվում էր:Իսկ հանրային գերակա շահ ճանաչված` «Միլանո»-ի տարածքում նոր սեփականատերը պատրաստվում է էլիտար շենք կառուցել:

