ՀՀ Կառավարության շենքի մոտ այսօր խումբ-խումբ կանգնած բողոքի ակցիա էին անցկացնում Բուզանդի փողոցից վտարված բնակիչները, «Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատակիցները եւ ՀՀ տարբեր զորամասերում զոհվածների մայրերը:
Բուզանդի փողոցից պետության կարիքների համար վտարված շուրջ 20 ընտանիք այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Սեփականության իրավունքի պաշտպանության» ՀԿ-ի նախագահ Վաչագան Հակոբյանը` եթե պետությունն այդ 20 ընտանիքին իբրեւ փոխհատուցում ընդհանուր առմամբ տա 2 մլն ԱՄՆ դոլար, ապա այն բոլորին կբավարարի:
«Տաքսի 1» ԲԲԸ-ի աշխատակիցները եւս այսօր շարունակում էին իրենց բողոքի ակցիան: Նրանց տնօրեն Դավիթ Ղազարյանը, որի հրաժարականն էին նրանք այսօր պահանջում, բողոքող բոլոր 30 աշխատակիցներին 2 ամսով հարկադիր արձակուրդի է ուղարկել: «Դրանից հետո չգիտենք` ինչ կլինի: Հարկադիր պարապուրդ տալիս են միայն այն դեպքում, երբ պլանները կատարած չեն լինում: Սակայն բոլորն էլ իրենց պլանները բարեխղճորեն կատարել են»,- պարզաբանեց նախկին գլխավոր հաշվապահ Հենրիկ Անդրեասյանը:
Ակցիային նրանք եկել էին «Վերջ տալ «Տաքսի 1» ԲԲԸ-ի անօրինականությանը» ցուցապաստառով: Կառավարությունից նրանց խոստացել են պատասխանել նիստից անմիջապես հետո: Բողոքող աշխատակիցների մեջ էր նաեւ տնօրենի ավագ եղբայրը` Ղազար Ղազարյանը,ում եւս եղբայրը դարձրել է գործազուրկ:
«Ասում է` դու գնացել ես գաղտնի, առանց իմ թույլտվության պետությունից գնել ես բաժնետոմսերի 44 տոկոսը: Դա գաղտնի չի եղել, բոլորին էլ տեղեկացրել եմ նամակներով ու աճուրդի միջոցով գնել եմ»,-Ղազար Ղազարյանի ասելով` այս պատճառաբանությամբ է եղբայրն իրեն ազատել աշխատանքից::
Կառավարության շենքի մոտ էր նաեւ «Արմենիա» հանրապետական հիվանդանոցում երկար տարիներ բուժքույր աշխատած Նինել Իվանյանը: Նա պահանջում էր վերականգնել իր աշխատատեղը եւ վճարել այն 5 տարվա աշխատավարձը, որը «ապօրինաբար չեն տալիս»:
«Ա1+»-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ իրեն աշխատանքից ազատել են միայն այն պատճառով, որ տնօրենից խնդրել է իր աշխատավարձն էլ բարձրացնել այնքան, որքան մյուս բուժքույրերինն է: Նա նույնիսկ դատարան է դիմել, սակայն ապարդյուն. հարցին լուծում չի տրվել:

