«Միլանո»-ն փակվեց

15:56 | Մարտ 10, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Միլանո» խանութի դռները հաճախորդների առջեւ փակ էին:

Առավոտվանից խանութի մոտ հերթապահում էին ոստիկանները եւ հարկադիր կատարողները: Վերջիններս կեսօրին սկսեցին խանութի ապրանքը դուրս բերել` արկղերի մեջ լցնելով:

Աբովյան փողոցի այս հատվածը ճանաչվել է հանրային գերակա շահ եւ տարածքի ձեռքբերող է ճանաչվել «Ավո Ֆ. Մ.Հ» ՍՊԸ-ն:

Ինչպես լրագրողներին փոխանցեց «Միլանո» խանութի սեփականատիրոջ` Հովհաննես Ղուկասյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը, երեկ ուշ ժամին են ստացել վտարման վերաբերյալ ծանուցագիրը եւ հնարավոր չէր ոչ աշխատանքային ժամերի ընթացքում տեղափոխել հագուստը:

Տիգրան Հայրապետյանը վստահ չէ, որ մի քանի օր հետո նույն ապրանքը կլինի արկղերի մեջ. «Շատ հնարավոր է, այնտեղ լինեն «Մալաթիա» շուկայի կամ Թուրքիայից բերված հագուստներ: Ես արդեն ամեն ինչի հավատում եմ»:

Չնայած վտարման գործընթացին` սեփականատերը դեռեւս չի ստացել պատշաճ փոխհատուցում: Նույնիսկ փոխհատուցման պայմանագիր դեռ կնքված չէ տարածքի նոր սեփականաիրոջ հետ:

Հովհաննես Ղուկասյանին առաջարկվել էր փոխհատուցում միայն առաջին հարկի 125 քմ-ի դիմաց` 200 մլն դրամ: Իսկ խանութը եռահարկ է` չհաշված տանիքը եւ նկուղը: Նա չի ստացել նաեւ նախատեսված 200 մլն դրամը:

«Եթե այս տարածքը համարվել է հանրային գերակա շահ, ապա սեփականատերը գոնե ողջամիտ ժամկետներում պետք է հնարավորություն ունենա գումարը ստանալ եւ գնա մեկ ուրիշ տեղ տարածք գնի եւ տեղափոխվի այնտեղ»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ խանութի տերը փետրվարի 19-ին նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին` վստահ լինելով, որ նա տեղյակ չէ ապօրինություններից: Սակայն նամակն մնացել է անարձագանք:

Ի դեպ, ԴԱՀԿ աշխատակիցների կողմից լրագրողների մուտքը խանութի տարածք արգելված էր, եւ լրագրողները մի քանի ժամ ստիպված կանգնած էին դռան մոտ: Իսկ նկարահանումները կատարում էին ապակիների հետեւից:

 

Share |
Rambler's Top100