Հրապարակվեց PFA զեկույցը

18:18 | Մարտ 01, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Policy Forum Armenia (PFA) կազմակերպությունը երեկ Վաշինգտոնում մեկնարկած իր երկրորդ տարեկան համաժողովում հրապարակել է «Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցը:

PFA-ի զեկույցը անդրադարձ է Հայաստանի եւ աշխարհասփյուռ հայության միջեւ հարաբերություններին: Այն փորձ է անում գնահատել Հայաստանի եւ սփյուռքի համար՝ զարգացման եւ անվտանգության խնդիրների առկա վիճակն ու հեռանկարները: Զեկույցը գնահատում է հայ ժողովրդի երկու մասերի փոխներգրավվածությունը վերջին երկու տասնամյակում:

Սփյուռքի ներգրավվածությունը Հայատանի կյանքում դիտարկվում է երեք հարթությունում՝ տնտեսական զարգացում, կառավարում եւ հանրային սեկտորի բարեփոխումներ, քաղաքացիական հասարակության կայացում:
Գիտակցելով Հայաստանին աջակցելու համար անկախության վաղ շրջանում պահանջված ջանքերն ու արված զոհողությունները՝ զեկույցը քննադատական հայացք է նետում նշված կարեւոր հարթություններում ունեցած ձեռքբերումների վրա եւ վերլուծում է ստացված արդյունքների պատճառները:

Վերջում զեկույցն առաջարկում է համատեղ գործունեության ծրագիրը, որը ճիշտ արժեքների եւ նպատակների որդեգրման եւ պատշաճ կիրառման դեպքում կօգնի դիմակայել հայ ժողովրդի առջեւ ծառացած՝ զարգացման եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:

«Հայաստան-Սփյուռք հարաբերություններ. Անկախությունից 20 տարի անց» զեկույցն առաջինն է PFA-ի մեկնարկած ազգային զեկույցների շարքում: Կազմակերպությունը նախկինում հրապարակել է Հայաստանին վերաբերող մի շարք այլ զեկույցներ (տես կից):

Հայաստան-սփյուռք հարաբերություններին վերաբերող խնդիրների քննարկումն այսօր կշարունակվի: Այսօր համաժողովում՝ մարտի 1-ին, հատուկ ուղերձով հանդես կգա ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Զեկուցողների թվում են Փարիզի Պանթեոն-Ասսաս համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Քեթրին Քեսեջյանը, Կանադյում ՀՀ նախկին դեսպան, «մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Լարիսա Ալավերդյանը եւ Արծվիկ Մինասյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100