Գյուղերի զարգացման ծրագրերի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում կառուցում է համայնքային կենտրոն:
Ծրագրի հովանավորությունը ստանձնել է Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը (բարերար` ֆրանսաբնակ Թավիդյանների ընտանիք): Շուրջ 560 բնակիչ ունեցող Ակնաղբյուրում սա արդեն Հիմնադրամի թվով չորրորդ ձեռնարկն է. ներկայումս հաջողությամբ շահագործվում են գազամատակարարման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերը:
Ավարտվել է հիմքերի բետոնացումը, հենապատի կառուցումը եւ ամրասյուների տեղադրումը: Անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված` աշխատանքները կվերսկսվեն ձմեռային կարճատեւ դադարից հետո:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի խոսքով` երկհարկանի կառույցում գյուղապետարանից եւ բուժկետից բացի կտեղակայվեն նաեւ գրադարանը եւ հանդիսությունների դահլիճը, որոնք պակաս կարեւոր չեն համայնքի բնակչության համար:

