Հինգ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

18:18 | Փետրվար 08, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փետրվարի 8-ի առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել Գյումրու Պարույր Սեւակ 27 շենքում: ՙՍամարիթեր՚ հիվանդանոց է տեղափոխվել հինգ քաղաքացի, որոնց վիճակն այժմ բավարար է:

Ըստ Պարույր Սեւակ 27 շենքի բնակիչների, իրենց հարեւանուհի Գալյա Սարգսյանը տեսնելով, որ վատացել է ամուսնու՝ Սամվել Սարգսյանի ինքնազգացողությունը, կարծել է, թե վերջինս սրտամկանի ինֆարկտ է տարել եւ զանգահարել է ՙՇտապ բուժ օգնություն՚, ապա նաեւ ազգականներին: Սակայն տեղափոխելով ՙՍամարիթեր՚ հիվանդանոց՝ բժիշկները պարզել են Սամվել Սարգսյանի ուշագնացության իրական պատճառը:

ՙԱռաջին հիվանդը տեղափոխվել է Շտապ օգնության մեքենայով՝ ծանր, անգիտակից վիճակում, ժամը 8:30-ի մոտ, - ասում է հիվանդանոցի հենոդիալեզի բժիշկ Աշոտ Քաբաբյանը, - հետագա հետազոտությունների տվյալներով հիվանդի մոտ ախտորոշվել է սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից:

Որոշ ժամանակ անց վատ ինքնազգացողություն են ունեցել եւ մոտավորապես ժամը 11-ին հիվանդանոց են բերվել նաեւ տանտիկինը եւ օգնության շտապած երեք ազգականները՝ Գեւորգ Նազարյանը, Հասմիկ Ավդալյանը եւ Տաթեւիկ Նազարյանը: Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ մյուսները տեղափոխվել են վերակենդանացման բաժին: Բոլորի մոտ հայտնաբերվել է սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից: Բժիշկների հավաստմամբ այժմ հիվանդների վիճակը գնահատվում է բավարար: Շմոլ գազի արտահոսքի պատճառներն առայժմ ճշտվում են:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ

 

Արխիվ
Rambler's Top100