Կառավարության շենքի մոտ կրկին բազմամարդ էր: Այստեղ հավաքված քաղաքացիները տարբեր պահանջներ ունեին:
Աջափնյակ վարչական շրջանի` Շահումյանի նախկին կոլտնտեսության անդամները ասում են, որ իրենցից խլել են ընդհանուր առմամբ 150 հա հող եւ արդեն մեկ տարի է, այն վաճառել են մասնավոր ինչ-որ կազմակերպության: Արման Թորոսյանի պատմելով, երբ 1991 թ. կոլտնտեսությունները լուծարվել են, պետությունը շուրջ 400 ընտանիքի հետ վարձակալության պայմանագիր է կնքել: Այս տարածքում հիմնականում մշակում են խաղող եւ ծիրան:
Վերջին 5 տարիների ընթացքում, ըստ ակցիայի մասնակիցների, նրանց հետ պայմանագիր չի կնքվել, բայց իրենք «մի մարդու պես վճարել են բոլոր հարկերն ու տուրքերը, որոնք սահմանվել են պետության կողմից` հող, ջուր»: Նրանց հողերը վաճառվել են կառուցապատման նպատակով:
Արփիկ Պողոսյանն էլ հիշում է, որ երբ Գագիկ Բեգլարյանը դեռ քաղաքապետ չէր, ասել է, որ ընտրվելու դեպքում հարցը կլուծվի: «Իսկ երբ ընտրվեց, մոռացավ այդ մասին»,- ասաց նա:
«Մեզ զրկում են հացի վերջին աղբյուրից` հողից եւ չգիտենք, թե ինչպե՞ս ենք ապրելու»,-ասում էին նրանք:
Կառավարության շենքի մի կողմում էլ կանգնած էին հայկական զորամասերում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները եւ իրացման գոտու բնակիչները:
Զինծառայողների ծնողները պահանջում են պատժել իրենց որդիների սպանությունների իրական մեղավորներին, իսկ իրացման գոտու բնակիչները պահանջում են համարժեք փոխհատուցում իրենց տների համար:

