«ՀՀ քաղաքացուն տրամադրում են անորակ գազ»

13:55 | Փետրվար 01, 2010 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Փորձագետ Արթուր Ղազարյանը պարզել է, որ բնակչությանը տրամադրվող գազի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին:

«Այս փաստի վրա ուշադրություն դարձնելու փոխարեն` որոշել են բարձրացնել գազի գինը` 1խմ-ի համար սահմանված 96 դրամը դարձնել 136 դրամ»,- այսօր «Ա1+»-ին իր մտահոգությանը հայտնեց փորձագետը:

Նրա կարծիքով, ցանկության դեպքում, նույնիսկ տնային պայմաններում յուրաքանչյուրը կարող է ստուգել գազի որակը: «Ջեռուցման կաթսաների տեխնիկական անձնագրում նշված է, թե ինչ որակի գազի դեպքում, ինչ ժամանակահատվածում, որքան ջուր կարող է տաքացնել եւ ինչ աստիճանի: Մենք փորձել են եւ գազը որակ չի ապահովել: Երբ մենք ՀՀ-ում այրում ենք 1խմ գազը, ստանում ենք 8218 կ/Կալ ջերմություն: Ցուցանիշը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Եթե ՀՀ-ում գազի գինը բարձրացնում են եւ որակը թողնում նույնը, դա աբսուրդ է»,-ասաց նա:

Փորձագետը համոզված է, որ իրականությանը չեն համապատասխանում «Հայռուսգազարդի» այն հայտարարությունները, թե ՀՀ-ում գազի գինը բարձրացնում են, քանի որ շահույթով չեն աշխատում. «Նման բան չկա: Թող բաներ չհնարեն»:

Քանի որ ՀՀ-ում չկա համապատասխան լաբորատորիաներ, ապա «Հայռուսգազարդը» գազ սպառողներին ընդամենը տեղեկանք է տրամադրում, որ ապահովում են գազի որակը:

Հիշեցնենք, որ այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկում է «Հայռուսգազարդի» դիմում` գազի գները վերանայելու մասին: Այն, որ այս թանկացումից ավելի շատ տուժելու են բնակիչները, ոչ թե խոշոր սպառողները, փորձագետը պատահական չի համարում. «Հայաստանում գազի խոշոր սպառողները հիմնականում ռուսական ընկերություններ են: Այսինքն, «Հայռուսգազարդը» չի պատրաստվում ինքն իր վրա թանկ գազ վաճառել»:

Փորձագետը կասկած չունի, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դրական կարծիք կհայտնի գազի գնի բարձրացման վերաբերյալ: Նա նաեւ ընդգծեց, որ Իրան-Հայաստան գազատարն էլ չի նպաստում ՀՀ-ում գազի գնի իջեցմանը. «Նույն Իրան-Հայաստան գազատարն էլ է ռուսներին, եւ նրանք են այսօր որոշում, թե որ գազատարով ինչքան գազ Հայաստան բաց թողնեն»:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100