Տնօրենները բերման են ենթարկվել

16:11 | Դեկտեմբեր 26, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները այսօր ներխուժել են Սուքիասյաններին պատկանող մի քանի ընկերություններ եւ տնօրեններին բերման են ենթարկել: «Ա1+»-ին չհաջողվեց խոսել «Ռոսիա» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանի հետ, քանի որ նա եւս այս պահին գտնվում է 6-րդ վարչությունում:

Գրասենյակի առաջ հավաքված էին մի խումբ տղամարդիկ, ովքեր, ըստ գրասենյակի աշխատակցի, 6-րդ վարչության տղաներ են: Աշխատակցից հաջողվեց ճշտել միայն այն, որ առավոտյան իրենց են այցելել 4 տղաներ, հարցրել են Արտաշես Ստեփանյանին, սակայն երբ իմացել են, որ նա հիվանդանոց է գնացել եւ կգա 2 ժամից, հեռացել են:

«Երկու ժամ հետո եկան ոչ թե 4, այլ 15 հոգով: Հետո մտան ղեկավարության մոտ, կանչեցին գլխավոր հաշվապահ Լալա Թորոսյանին: Մի քիչ զրուցելուց հետո երկուսին էլ տարան ոստիկանություն իրենց հաշվապահական մատյաններով հանդերձ»,- «Ա1+»-ին ասաց աշխատակիցը` վախենալով ներկայանալ:

Տոնավաճառը շարունակում էր աշխատել:

Ի դեպ, նշենք, որ այսօր մամուլում Խաչատուր Սուքիասյանը եւ նրա եղբայր Սարիբեկ Սուքիասյանը հանդես են եկել իշխանության գործունեության քննադատությամբ:

Share |
Արխիվ
Rambler's Top100