Այսօր Գիտությունների Ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գրքի հայերեն հրատարակչության շնորհանդեսը:
Գիրքը թուրքերեն լույս է տեսել 2008 թվականին` գրողի սպանությունից 1,5 տարի անց: Այն թարգմանել է հայաստանցի Մկրտիչ Սոմունջյանը:
Թարգմանիչը նշեց, որ ուսանողական տարիներից ուշի-ուշով հետեւել է եւ փորձել է հասկանալ, թուրքի կողքին, թուրք հասարակության մեջ ապրող հայ մարդու աշխարհահայացքը:
Ըստ Մկրտիչ Սոմունջյանի` գիրքը ներկայացնում է Հրանտ Դինքի մտորումներն եւ անձնական կարծիքը, պատկերացումները հայ- թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Հրանտ Դինքը այս գրքում առաջարկում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ընդհանուր ապագան կառուցելու, անցյալը վերանորոգելու բոլորովին նոր մոտեցումներ: Այս գիրքը, ըստ թարգմանչի, հնարավորություն է տալիս հայ հանրությանը ավելի մոտիկից ճանաչելու Հրանտ Դինք գրողին եւ մտածողին:
Գրքի շնորհանդեսին ներկա Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ երբ ձեռքն է վերցրել գրքի չտարբերակված տարբերակը,մի շնչով կարդացել է: Յուրաքանչյուր տողատակում, ըստ Հրանուշ Հակոբյանի, խորը մտքեր են:
Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշեց, որ Դինքը ցանկանում էր, որ երկու պետությունների միջեւ հարաբերություններ հաստատվեն:
Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսականդարյանն էլ այսօր որոշեց խոսել հայերենով, քանի որ երբ 2006 թ. Դինքի հետ հանդիպել է, խոսել է հայերեն:
Իսկանդարյանը պատմում է, որ Դինքը պատմել է, որ ինքը անձնագիր չունի եւ չի կարողանում երկրից դուրս գալ: Իսկ Իսկանդարյանը միանգամից հարց է տվել, թե Հայաստանում երբեք չեք եղել: «Անմիջապես անցավ «դու»-ի եւ կոպտորեն ասաց, թե դու չես եղել Հայաստանում, ես եղել եմ Մալաթիայում, Վանում, իսկ դու` ոչ»,- պատմում է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Գիրքը հրատարակվել է 1000 օրինակով` «Հրանտ Դինք» միջազգային հիմնադրամի հովանավորությամբ:

