Քրեակատարողական տարբեր հիմնարկներում գտնվող շուրջ 4000 բանտարկյալներից 24-ը հիվանդ է գրիպով: Այդ մասին «Ա1+»-ին ասաց Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամլո խոսնակ Արսեն Բաբայանը: Խոզագրիպի վարակ այնտեղ չկա:
Սակայն, ըստ նրա, քրեակատարողական հիմնարկներում խստացվել է սանիտարահակահամաճարակային ռեժիմը:
«Քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման բաժիններում առանձնացվել են մեկուսարաններ, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում նախատեսվել է եւ անհրաժեշտության դեպքում կառանձնացվի կարանտինային բաժանմունք` գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդների մեկուսացված մասնագիտացված բժշկական օգնութուն կազմակերպելու համար: Վիրուսի ներթափանցումը քրեակատարողական հիմնարկներ կանխելու նպատակով հնարավորինս սահմանափակվել են կալանավորված անձանց եւ դատապարտյաներին տրամադրվող տեսակցությունները»,- հայտնեց Արսեն Բաբայանը` ավելացնելով, որ քրեակատարողական ծառայությունը համալրված է համապատասխան դեղորայքի եւ բժշկական պարագաների պաշարներով` անհրաժեշտության դեպքում գրիպի АH1N1 վարակի դեմ պայքարելու համար:

