Այսօր կեսգիշերին փլուզվել է 1356 թվականին կառուցված Թբիլիսի քաղաքի Մուղնեցոց Սուրբ Գևորգ գմբեթավոր եկեղեցին:
Խորհրդային տարիներին եկեղեցին փակվելով՝ վերածվել է ազգագրական թանգարանի, ապա պահեստի, իսկ 1990 թվականին՝ որակվելով որպես վթարային և ոչ ենթակա վերանորոգման, վերջնականապես փակվել է:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին այն հինգ եկեղեցիներից մեկն է, որը Վիրահայոց թեմին վերադարձնելու նպատակով Սուրբ Էջմիածնի և թեմի կողմից բազմաթիվ դիմումներ են հղվել Վրաստանի ղեկավարությանը, պատրիարքարանին, միջազգային կազմակերպություններին: Խնդիրը բազմիցս բարձրացվել է նաև մամուլի միջոցով, ավաղ բոլոր դիմումները Վրաստանի իշխանությունների կողմից մնացել են անպատասխան:
Ըստ Վիրահայոց թեմի մամլո դիվանի`Մուղնեցոց Սուրբ Գևորգը Թբիլիսիի Նորաշեն, Շամխորեցեց Սուրբ Աստվածածին, Սուրբ Նշան, Երևանցոց Սուրբ Մինաս և Ախալցխային Սուրբ Նշան եկեղեցիների հետ Վրաց պատրիարքարանի կողմից արհեստականորեն հռչակվել է վիճելի, որով էլ արդարացվում է եկեղեցիների չվերադարձվելը:
Սա երկրորդ փլուզված եկեղեցին է, առաջինը Շամխորեցեց Սուրբ Աստվածածինն է, որը փլուզվեց 1989 թվականին:
«Կարծում ենք` այս ամենի պատասխանատվությունը պետք է կրի Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը, որի բալանսում է գտնվում եկեղեցին: Այս ամենը այն տպավորությունն է թողնում, թե Վրաց պատրիարքարանը և իշխանությունները չլուծելով եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցը և պատշաճ ուշադրություն չդարձնելով` նշված եկեղեցիների պահպանությանը, միտումնավոր ոչնչացնում են հայ մշակույթի կարևոր հուշարձանները»,- ասված է Վիրահայոց թեմի մամլո հաղորդագրության մեջ:

