Մեծարգո պարոն Նախագահ,
Հարգարժան տիկին Շիրակ,
Տիկնայք պարոնայք
Սրտանց ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Ուրախ եմ, որ Ձեր այցը կատարվում է Ֆրանսիայում Հայաստանի Տարվա բացման նախօրերին: Կարծում եմ, որ տարվա կարգախոսը` «Հայաստան` իմ բարեկամ» խոսուն է եւ վկայում է մեր ժողովուրդների փոխադարձ վերաբերմունքի մասին: Վաղը մենք միասին Երեւանի կենտրոնում կբացենք Ֆրանսիայի հրապարակը, իսկ երեկոյան Շառլ Ազնավուրի նախաձեռնած համերգով կտրվի մեծ տոնի մեկնարկը: Այս առթիվ ողջունում եմ սիրելի վարպետին:
Պարոն նախագահ,
Մեր երկրների եւ ժողովուրդների կապերը հազար տարվա հարուստ եւ հագեցած պատմություն ունեն: Թեեւ մեր երկրները տարածքով այնքան էլ մոտ չեն միմյանց, եւ ժողովուրդների ճակատագրերը ձեւավորվել են տարբեր կերպ, վճռական պահերին մենք հայտնվել ենք կողք-կողքի՝ դառնալով միմյանց նեցուկ եւ օգնական:
Մենք երախտապարտ ենք Ֆրանսիային, որ նա իսկական բարեկամի նման ձեռք մեկնեց եւ իր տանիքի տակ տեղ տրամադրեց Եղեռնից փրկված հայերին: Եվ այսօր նրանց սերունդները դարձել են Ֆրանսիայի լիարժեք քաղաքացիներ եւ իրենց լուման են ներդնում ինչպես Ֆրանսիայի զարգացման, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման գործում: Այսօր հայ-ֆրանսիական հարաբերություններն իրենց ծավալով անհամեմատելի են որեւէ ժամանակի հետ: Մեր երկրների միջեւ ծավալվում է հագեցած եւ շահագրգիռ երկխոսություն բազմաթիվ ուղղություններով: Ավանդական մշակութային, կրթական եւ գիտական կապերին այսօր արդեն չեն զիջում քաղաքական եւ առեւտրա-տնտեսական հարաբերությունները: Այդ կապակցությամբ, պարոն Նախագահ, ես հատկապես բարձր եմ գնահատում Ձեզ հետ մեր շփումները, որոնք միշտ ունեցել են գործնական հետեւանքներ: Ֆրանսիական փորձը հաճախ է դիտարկվում որպես Հայաստանում իրագործվող ժողովրդավարական բարեփոխումների ուղեցույց: Ֆրանսիան մեծ դերակատարում ունի եվրոպական կառույցների հետ մեր ընդլայնվող համագործակցության մեջ: Ես ուզում եմ հատուկ շեշտել Նախագահ Շիրակի անձնական ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:
Պարոն նախագահ, տիկին Շիրակ,
Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ այս այցը լավագույն խթան կհանդիսանա մեր բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Ուրախությամբ առաջարկում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ժակ Շիրակի եւ տիկին Շիրակի, հանուն Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի բարգավաճման ու բարօրության — հայ-ֆրանսիական համագործակցության շարունակական ամրապնդման:-0-

