Չգիտեն, երբ տուն կունենան

11:11 | Մարտ 09, 2010 | ՄԱՐԶԵՐ

Շիրակի մարզի Շիրակ գյուղում 45 անօթեւան ընտանիք կա: Նրանցից սակայն 15-ն անգամ նորմալ տնակ չունի եւ բնակվում է ինքնաշեն փայտե կառույցներում:

Գալոյանների ընտանիքն արդեն քսան տարուց ավել բնակվում է նմանատիպ մի շինությունում, որը ոչ մի կոմունալ պայման չունի, այն դեպքում, երբ ընտանիքը երեք անչափահաս ունի:


Շինությունը ժամանակի փորձություններին մի կերպ է դիմացել, քամին հասցրել է մի քանի անգամ տանիքը պոկել, ձմռան ցրտին էլ եթե փոքրիկ վառարանը հինգ րոպե հանգցնեն, ապա ներսում նույն ջերմաստիճանը կլինի, ինչ դրսում:

Ընտանիքի եկամուտի աղբյուրը Ալբերտ պապի ստացած թոշակն ու աղքատության ընտանեկան նպաստն է:

Անգամ նման ծանր պայմաններում ապրելը ընտանիքի ջերմությունը չի պակասեցրել, հարս ու սկեսրայր դպրոցից տուն եկած փոքրիկ Ալբերտիկին տեսնելով` մոռանում են ամեն ինչ, պայուսակում փնտրում օրագիրը: ՙՈրդիս դասարանի լավագույն սովորողներից է՚,-հպարտորեն ավելացնում է մայրը:

Հարաբերություններում ջերմության պակաս չզգացող ընտանիքը սակայն պատկան ատյանների ուշադրության կարիք է զգում, որը անցած քսաներկու տարվա ընթացքում չի ստացել:
Շիրակ գյուղում անօթեւան 45 ընտանիք է բնակվում. բոլորն էլ խարխուլ տնակներում: Սակայն կառավարությունն առայժմ այլ կացարաններ չի կարող առաջարկել:
ՙ2010-ին աղետի գոտու գյուղական համայնքներին ԲԳՎ տրամադրելու համար գումարներ չեն հատկացվել՚,- տեղեկացնում են մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից: Իսկ թե արդյոք գյուղերում շինարարություն կիրականացվի պարզ կդառնա միայն երկրորդ կիսամյակի ընթացքում:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ

 

Share |
Rambler's Top100