Գեներալների ոսկորները ելել են հողի երես: Երկու ամիս առաջ, առաջին անգամ դրանք հայտնաբերել է ռուսական եկեղեցու, որ ժողովրդին հայտնի է Պլպլան ժամ անվամբ, վանահայր Հրաչ Գալոյանը:
Օրեր առաջ հայտնաբերվել են նոր աճյուններ: Դրանք գտել է Պատվո բլրի շինաշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը՝ 21-ամյա Թաթուլ Կարապետյանը:
Ոսկորները Հրաչ Գալոյանը հայտնաբերել է ընդամենն ամիսներ առաջ, երբ սկսվել են Պատվո բլրի կառուցման աշխատանքները: Նա Գյումրիում հայտնի Պլպլան ժամի վանահայրն է եւ նախօրոք զգուշացված եղել է, որ շինաշխատանքների ընթացքում կարող են գերեզմանոցներ բացվել:
ՙԵրբ քանդում էին տարածքում գտնվող երկհարկանի ժամանակավոր կացարանը, բանվորներն ինձ կանչեցին, թե հողի տակից ոսկորներ են դուրս գալիս: Միանգամից հիշեցի տեղի ռուս քահանայի խոսքերը: Ինձ զգուշացրել էր, որ տարածքում հին գերեզմանոց կա: Եւ ասաց, որ պատասխանատու եմ ամեն մի ոսկորի համար: Ես էլ երեխանց հետ գնացի, բոլորը հավաքեցի՚, - պատմում է Հրաչ Գալոյանը:
Ոսկորները խնամքով հավաքել եւ սկզբում տեղադրել են սովորական թղթե արկղերում: Հրաչ պապիկն ասում է, որ երկու ամիս առաջ հայտնաբերված երեք աճյունից ոչ մի ոսկոր չի պակասում:
Դրանք Պատվո բլրի կառուցումից հետո թաղվելու են եղբայրական գերեզմանոցում:
Արդեն հայտնաբերված երեք աճյունին միացել են եւս մի քանիսը: Արարատի մարզի Ներքին Դվինից Թաթուլ Կարապետյանը Գյումրի է եկել շինաշխատանքներին մասնակցելու համար: Հենց ինքն էլ հողի տակից հայտնաբերել է նոր ոսկորները:
Թաթուլը ոսկորները տեսել, եւ ինչպես ինքն է ասում, սկզբում անակնկալի է եկել, հետո էլ զարմացել է:
ՙՆման բան միայն կենսաբանության դասագրքեում եմ տեսել՚, - խոստովանում է 21-ամյա երիտասարդը:
Հայտնաբերված աճյունները ռուս-թուրքական պատերազմում զոհված ռուս զինվորականներն են՝ ոսկորների տեսքով:
Պատմությունը ավանդում է, որ բլրում ամփոփված են եղել նաեւ չորս գեներալներ: Պատասխանատուները չեն բացառում նոր աճյունների հնարավոր հայտնաբերումը: Բոլոր շինարարաները զգուշացված են:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ

