22 տարի առաջ ադրբեջանաբնակ հայերը երկաթե ձողերով զինված ազերիների հարձակմանն էին ենթարկվում ազգային պատկանելության համար:
Թեեւ պաշտոնական տվյալներով Սումգայիթում զոհվել է 26 հայ, սակայն փախստականները հավաստում են, որ զոհերի թիվը շատ ավելի մեծ է: Փախստականների մի մասը հաստատվել է Գյումրիում:
Սումգայիթում հայ - ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը զգալի է եղել ջարդերից ամիսներ առաջ արդեն: Նախկին սումգայիթցի Միշա Թադեւոսյանը հիշում է, որ իր հանդեպ ճնշումներն արտահայտվում էին ադրբեջաներեն խոսելու պարտադրանքի, ազգության պատճառով աշխատանքի պարգեւատրումից զրկելու ձեւերով:
Սակայն գրեթե բոլոր հայերը վստահում էին թեկուզ եւ Ադրբեջանի, բայց խորհրդային իշխանություններին: 1988-ի փետրվարի 28-ին սարսափել են` պատուհանից տեսնելով, թե ինչպես են աչքերը սեւ ժապավեն կապած ազերիները հոշոտում հայերին:
ՙՊաշտպանության հնար չունեիր, եթե մտնում էին տունդ, ինչ ուզում` անում էին. բռնաբարում էին, կրակ էին վառում, կահույքը պատուհանից դուրս թափում, վառում էին: Հարեւանիս գցել էին կրակի մեջ, վառվել էր՚, - պատմում է Միշա Թադեւոսյանը:
Նրա ընտանիքը պարտական է ադրբեջանցի հարեւանին, ով արգելել է ազգակիցներին խուժել իրեն մտերիմ Թադեւոսյանների տուն: Դրանից հետո խորհրդային բանակը հայերի անվտանգությունը հսկել է քաղաքի հրապարակում մինչեւ 1988թ մարտի տասը, որից հետո վերջիններս ստիպված են եղել մտածել փրկվելու մասին:
Նստել են դեռ այն ժամանակ գործող Բաքվից Երեւան մեկնող գնացքը ու մեկնել Հայաստան: Հիշում է՝ ճանապարհին քարերով խփել, պատուհանները կոտրել են:
Եկել, հաստատվել են Գյումրիում, ուր մի քանի ամիս անց զգացել են արդեն երկրաշարժի սարսափը, հետո մնացյալ դժվարությունները:
Չնայած աշխատանքային 35-ամյա ստաժին, թոշակն այսօր ցածր է, քանի որ Սումգայիթից փախչելիս չի կարողացել վերցնել աշխատանքային գրքույկը:
Այժմ կնոջ հետ բնակվում է 2004 թվականին Նորվեգական թաղամասում ստացած տանը:
Ու չնայած դժվարություններին, մնում է լավատես, որը կյանքի որակը կլավանա:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ

