Գյումրեցի գյուտարարները Հայաստանի հանրապետության Մտավոր սեփականության գործակալություն են ներկայացրել մի շարք գյուտեր, որոնց լայնածավալ կիրառության դեպքում զգալիորեն կշահի երկրի արդյունաբերությունը:
Սա միակ խնդիրը չէ, որ հուզում է գյումրեցի գյուտարարներին:
Հեղինակային իրավունքի հաստատման եւ պահպանման համար նրանք տարեկան պետք է վճարեն այնպիսի գումարներ, որոնք հասանելի չեն գիտաշխատողի կամ մանկավարժի աշխատավարձին:
Արդյունաբերության բնագավառում Հայաստանը տեխնիկապես զգալիորեն հետ է մնում միջազգային չափանիշներից: Բայց գյուտարարները պնդում են, որ տարբեր նշանակության սարքավորումների կազմված նախագծերով մեր երկիրն ընթանում է համաքայլ: Պարզապես ներքին տնտեսական վիճակը եւ կառավարության անտարբերությունը չեն նպաստում գյուտերի կիրառմանը: Այդպիսով շատ նորարարություններ մնում են թղթի վրա:
ՙԱսում են՝ պետք է լինի անպայման նպատակային ասպիրանտ: Բայց դուք պատկերացնո՞ւմ եք՝ այսինքն ամեն մի մասնագետ ամեն մի թեմայի համար պետք է ասպիրանտ ունենա՚, - զարմանում է գյուտարար Ջոն Ասատրյանը:
Մինչ օրս Հայաստանում օգտագործում են քարմշակման հին սարքեր, որոնք չափերով շատ մեծ են, ծանր, եւ քարի մեծ կորստով են աշխատում: Մինչդեռ նախագծվել է նոր սարք, որն ավելի թեթեւ է եւ ճշգրիտ: Դրանով ջրի շիթն ուղարկվում է քարի մեջ եւ տրվում է որոշակի ուղղություն, եւ այն իր ճանապարհին կտրում է ամեն ինչ:
Հայաստանում այս դժվարությունները քիչ են, հեղինակային իրավունքները դեռ պետք է արտերկրում էլ պաշտպանել: Այլապես ցանկացած ոք կարող է գյուտն օգտագործել որեւէ երկրում եւ շահույթ ստանալ: Իսկ հայ գյուտարարները, որ դժվարությամբ են կարողանում հեղինակային իրավունքը պաշտպանել Հայաստանում, արտերկրում չեն էլ փորձում:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ

