Աշոցքի տարածաշրջանի Աղվորիկ գյուղում պահպանվել են նախկին բնակիչների՝ թուրքերի գերեզմանները: Ու թեեւ սահմանից այն կողմ ոչնչացվում են հայկական կոթողներն ու պղծվում գերեզմաններ, աղվորիկցիները սրբապղծությանն ու բարբարոսությանը կտրուկ դեմ են:
Ցանկանում են նաեւ իրենց պահվածքով օրինակ ծառայել հարեւան երկրի բնակիչներին:
Աղվորիկ գյուղը, որի հին անունը Ենի Յոլի է, ժամանակին բնակեցված է եղել թուրքերով: Գյուղի ստեղծման եւ պատմության մասին այսօրվա բնակիչները քիչ տեղեկություններ ունեն, քանզի նրանք այստեղ հաստատվել են բավականին ուշ: Գիտեն միայն, որ 350-ից ավել տնտեսություն է եղել եւ հիմնականում այստեղ զբաղվել են անասնապահությամբ:
Այստեղ պահպանվել է թուրքական գերեզմանոց, որից՝ գյուղացիների հավաստմամբ ՙՄի քար անգամ չի պակասել՚:
Աղվորիկցի Ռոբերտ Սարուխանյանն այս գյուղ է եկել խորհրդային տարիներին ու մինչեւ օրս բնակվում է այս գյուղում:
Խորհրդային տարիներին գյուղն ունեցել է 18000 գլուխ ոչխար, 1500 գլուխ կով, սակայն հին կարգերի փլուզումից եւ սեփականաշնորհումից հետո ամեն ինչ վերացել է:
Խնդիրները հիմնականում նույնն են, ինչ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի բոլոր գյուղերը: Այժմ Աղվորիկում 22 տնտեսություն կա, տարբեր գյուղերից եկած մարդիկ են եւ հիմնականում զբաղվում են անասանապահությամբ: Հողը բերքատու չէ, այստեղ նույնիսկ ոռոգման ջուր չի հասնում: Ձմեռն էլ մշտապես խիստ է, քաղաքի եւ հարեւան գյուղերի հետ կապող ճանապարհները հաճախ են փակվում: Նույնիսկ այս տարվա բավականին տաք ձմեռը աղվորիկցիները չեն զգացել:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ

