ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված վարկային ծրագրերի համաձայն 2009-2017 թվականների ընթացքում Հայաստանն ստանալու է առավելագույնը 500 մլն ԱՄՆ դոլար:
Վարկային այդ միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը, պետք է բարենորոգվեն ու վերականգնվեն ճանապարհները Հայաստանի պետական սահմանների ներսում, արդիականացվեն Հայաստանի սահմաններն ու մաքսային ենթակառույցները:
Ճանապարհաշինական աշխատանքներ կանցկացվեն նաեւ Շիրակի մարզում, կհիմնանորոգվի շուրջ 100 կմ ճանապարհ: Աշխատանքների նախապատրաստական փուլն արդեն մեկնարկել է:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքը ընդգրկում է Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա մայրուղիները եւ ճանապարհային ենթակառույցները: 2010-ին հանրապետությունում իրականացվելու է 120 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի աշխատանք:
Լանջիկ, Ձորակապ, Մարալիկ, Լուսակերտ, Բենիամին, Ազատան համայնքներում արդեն ուսումնասիրվել է ճանապարհներին հարող հողերի վիճակը, հաշվառվել, թե որ համայնքում ինչքան հողատարծք է ճանապարհաշինության մեջ ընդգրկվելու: Առանձին հողատերերն արդեն տեղեկացված են:
Ըստ նախնական պայմանավորվածություների գյուղացիները կա՜մ կստանան կորցրած հողատարածքներին համարժեք հողեր, կա՜մ կվճարվեն հողերի կադաստրային արժեքով: Ի դեպ, նշենք, որ ճանապարհի վրա գտնվող կամուրջները կվերանորոգվեն, կկառուցվի նաեւ նոր կամուրջ՝ Հոռոմի գյուղի հին կամրջի մոտ:
Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա ճանապարհաշինական այս ծրագրում քաղաքի կենտրոնական հատվածը չի ընդգրկվելու: Ընդգրկվող մասն էլ վերանորոգման, ավելի շուտ հիմնանորոգման կարիք ունի, քանի որ այս հատվածում բավական երկար ժամանակ որեւէ աշխատանք չի կատարվել:
Ախուրյանի տարածքում ճանապարհաշինությունը կարող է ընդգրկել գյուղատնտեսական նշանակության բավական շատ հողատարածքներ: Ամեն դեպքում պատասխանատուները հավատացած են՝ ճանապարհաշինությունը հնարավորություն կտա բարելավել ճանապարհային կապն Իրանի եւ Վրաստանի հետ` ապահովելով ելք դեպի միջազգային առեւտրի ուղիներ եւ շուկաներ:
Շիրակի մարզում էլ կնորոգվի 100 կմ ճանապարհ, որը լինելու է միջազգային չափանիշներին համապատասխան՝ մոտ 28 մ լայնքով: Ասֆալտապատումն էլ կիրականացվի որակյալ եւ առանց թերացումների՝ համենայնդեպս նախնական ցուցումներն են այդպիսին:
Գյումրիի «Ցայգ» ՀԸ

