Վանաձորում ավարտվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի միջազգային 2-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի եւ Իրանի տղամարդկանց հավաքականները:
Հաղթելով բոլոր երեք հանդիպումներում` առաջին տեղը գրավեց եւ վարչապետի գավաթին տիրեց Բելառուսի ընտրանին: Մեր հավաքականը, որի կազմն ուժեղացվել էր ֆրանսահայ հանդբոլիստներով, 4 միավորով ճանաչվեց երկրորդը` առաջ անցնելով Իրանի եւ Վրաստանի ազգային թիմերից:
Սակայն ուշագրավն այն է, որ Բելառուսի հավաքականից կրած պարտությունից հետո հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը «Շնորհավորանքներ` Հայաստանի հավաքականին» նյութում գրել է.
«Վանաձորում անցկացվող հանդբոլի միջազգային մրցաշարի շրջանակում Հայաստանի և Բելառուսի հավաքականների հանդիպումից հետո մեր երկրի ընտրանու խաղացողներին և մարզիչներին բոլորը շնորհավորում էին: Բանն այն է, որ նորաստեղծ Հայաստանի հավաքականը հավասար պայքար էր մղել Եվրոպական ուժեղագույն թիմերից մեկի հետ և թեեւ արժանի մրցակցությունում զիջել էր 20:37 (13:20) հաշվով, սակայն կատարվածն ընդհանուր տպավորությունը չէր գցել»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սեպտեմբերի 3-ին Իռլանդիայի ազգային թիմից կրած պարտությունից հետո հայտարարել էր, որ բավարարված է իր թիմի խաղի որակից:
Այդպիսով, մեր ֆուտբոլի եւ հանդբոլի հավաքականների պարտությունները բոլորովին չեն ազդում մարզաձեւի պատասխանատուների վրա: