Ծանրամարտի Հայաստանի հավաքականները այսօրվանից սկսեցին անմիջականորեն պատրաստվել առաջիկայում Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մեր թիմերը երեկ մեկնեցին Բելառուս, որտեղ կանցկացնեն երկշաբաթյա ուսումնամարզական հավաք: Կանանց հավաքականը այժմ գտնվում է Բորիսով քաղաքում, իսկ տղամարդկանցը` Բոբրույսկում:

Հայաստանը Մինսկի մրցահարթակում կներկայացնեն 9 ծանրորդներ, որոնք հանդես կգան 7 քաշային կարգերում: Կանանց մրցաշարին կմասնակցեն Մելինե Դալուզյանն (69 կգ քաշային կարգ) ու Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ), տղամարդկանց մրցումներին` Սմբատ Մարգարյանը (56 կգ), Առաքել Միրզոյանը, Տիգրան Գ. Մարտիրոսյանը (երկուսն էլ 77 կգ), Գեւորիկ Պողոսյանը, Արա Խաչատրյանը (85-ական կգ), Արթուր Բաբայանը (105 կգ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Իսկ ահա աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը, որը դաստակի հետ կապված խնդիրներ ուներ, բաց կթողնի այս մրցաշարը, որպեսզի ավելի լավ պատրաստվի աշխարհի առաջնությանը։

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունը կմեկնարկի ապրիլի 2-ին, իսկ կավարտվի` 11-ին: