Եվրոպայի անհատական առաջնության լրացուցիչ մինի-մրցաշարում, որի ժամանակ խաղարկվեցին 2010 թ աշխարհի գավաթի ուղեգրերը, Հայաստանի երեք շախմատիստներից հաջող հանդես եկավ միայն Վլադիմիր Հակոբյանը:
Նրա եւ Վադիմ Զվյագինցեւի (Ռուսաստան) միջեւ կայացած մրցամարտում հաղթողը որոշվեց «Արմագեդոնում»: Արագ եւ կայծակնային շախմատում կողմերը չկարողացան որոշել ուժեղագույնին` 2:2, իսկ ահա «Արմագեդոնում» մեր շախմատիստին հաջողվեց հաղթանակ տանել` 2:3, եւ նվաճել ուղեգիր:
Ավաղ, մեր մյուս երկու շախմատիստները, Գաբրիել Սարգսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, անհաջող հանդես եկան: Գաբրիելը առաջին փուլում 2,5:1,5 հաշվով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Վոլկովին եւ մտավ 2-րդ փուլ, սակայն այստեղ մեր շախմատիստն արդեն նույն հաշվով պարտվեց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովին: Ռոբերտ Հովհաննիսյանը ռուսաստանցի Վլադիմիր Պոտկինի հետ երկու պարտիան էլ տանուլ տվեց:
Բաղձալի ուղեգիր նվաճեց նաեւ Սլովակիան ներկայացնող մեր հայրենակից Սերգեյ Մովսիսյանը, որը հաղթեց Չեխիան ներկայացնող Դավիդ Նավարային` 1,5:0,5:
Հիշեցնենք, որ մեր շախմատիստ Արման Փաշիկյանը, որը առաջնությունում զբաղեցրել էր 10-րդ տեղը, նախապես նվաճել էր աշխարհի գավաթի ուղեգիրը: