Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» այսօր լրագրողներին ներկայացրեց թիմի միակ նորեկ, բելառուսցի դարպասապահ Արթուր Լեսկոյին, ում հետ ակումբը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել մինչեւ այս տարվա դեկտեմբերը: Նշենք, որ Արթուր Լեսկոն նախկինում 5 տարի պաշպանել է Մինսկի «Դինամոյի», իսկ 2 տարի` ուկրաինական «Կրիվբասի» դարպասները:

26-ամյա դարպասապահը պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ինքը հիմնականում «Փյունիկ» է տեղափոխվել յան պատճառով, որ հայկական ակումբը միշտ բարձր խնդիրներ է դնում թիմի առջեւ: «Ուկրաինական «Կրիվբասում» մտածում էին միայն բարձրագույն խմբում մնալու մասին, իսկ ահա Մինսկի «Դինամոն» ու «Փյունիկը» իրար նման են, քանի որ միշտ նպատակ են դնում գրավել առաջին տեղը: Ինձ հոգեհարազատ են հենց լուրջ խնդիրներ հետապնդող թիմերը»:

Արթուր Լեսկոն իր առջեւ խնդիր է «Փյունիկում» ցույց տալ այնպիսի բարձրակարգ խաղ, որ գրավի նաեւ Բելառուսի հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությունը: «Յուրաքանչյուր ֆուտբոլիստն էլ երազում է հանդես գալ իր երկրի հավաքականի կազմում: Ես խաղացել եմ Բելառուսի երիտասարդական հավաքականում, բայց ահա ազգային թիմ դեռ չեն հրավիրել»:

Բելառուսցի դարպասապահը նաեւ ասաց, որ առաջին անգամ է գալիս Հայաստան, որ բավական տպավորված է Երեւանի ինքնատիպ ճարտարապետությունից եւ Արարատ լեռան գեղեցկությունից, բայց ոչինչ չգիտի հայկական ֆուտբոլի մասին: «Հայաստանի առաջնությունում խաղալով, պատկերացում կկազմեմ նաեւ ձեր ֆուտբոլի մասին: Հայաստանի ֆուտբոլիստներից ճանաչում եմ Համլետ Մխիթարյանին, որը մեծ համբավ ունի Բելառուսում, ինչպես նաեւ ձեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն, ում խաղը բազմիցս դիտել եմ հեռուստացույցով»: