Երեւանի «Փյունիկի» գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը պատասխանելով «Ա1+»-ի մարզական լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում Զամբիայից մեր թիմի հասցեին ուղղված մեղադրանքների մասին (իբր «Փյունիկն» խախտել է ՖԻՖԱ-ի կանոնակարգը Էմանուել Մբոլայի հետ պայմանագիր կնքելիս, բացի այդ չի վճարել հասանելիք ողջ գումարները), նա ասաց.

«Նման հայտարարություն անողները նախեւառաջ գցում են հենց իրենց երկրի հեղինակությունը: Մբոլայի հետ կապված բոլոր փաստաթղթերն էլ կարգին են: Նրա հետ Հայաստան էր ժամանել նաեւ հայրը, ում նույնպես կացության իրավունք էր տրվել, եւ նա ձեւակերպվել էր աշխատանքի` որպես սելեկցիոն մարզիչ: Սակայն Աֆրիկայի գավաթի խաղարկությունից հետո, երբ Մբոլայով սկսեցին հետաքրքրվել եվրոպական ակումբները, հանկարծ պարզվեց, որ մենք խախտումներ ենք թույլ տվել»:

Ըստ Հարությունյանի, հենց ֆուտբոլիստի նորահայտ գործակալներն են ցանկանում կեղծել փաստաթղթերը, որպեսզի առանց փոխհատուցման նրան վաճառեն այլ ակումբի: «Մբոլայի հարցով այժմ զբաղվում է ՖԻՖԱ-ն, որը ժամանակ է տվել Զամբիայի ֆուտբոլի ֆեդերացիային: Ժամանակին այսպիսի հարց ծագել էր մեր դարպասապահ Ապուլա Բետեի հետ, որն առանց «Փյունիկի» համաձայնության տեղափոխվել էր ռումինական «Ռապիդ»: Վերջինիս նախագահը հարցն հարթելու համար ստիպված փոխհատուցում վճարեց «Փյունիկին», քանի որ ակումբին լուրջ պատժամիջոցներ էին սպասվում ՖԻՖԱ-ի կողմից»: