Երգչուհի Նունե Եսայանը ներում է այն լրագրողին, որն, ըստ նրա, աղավաղել է իր խոսքը. «Ես խոսեցի իմ իրավաբանի հետ, և որոշեցեինք, որ այս անգամ էլ կներենք, համարենք, որ թյուրիմացություն է եղել, անմիտ քայլ է եղել»։
Հայաստանյան լրատվական կայքերից մեկն, անդրադառնալով թուրքական «Հարիեթ դայլի նյուզ» թերթին տված երգչուհու հարցազրույցին նշել է, թե երգչուհին ասել է « հայի սիրտը բաց է թուրքի առաջ», եւ այդ արել է 13000 դոլարով։
Նունե Եսայանն այսօր պարզաբանեց.«Այո, ես համարում եմ սահմանները քաղաքականորեն փակ են, բայց մեր սրտերը բաց են, և արվեստը սահմաններ չի ճանաչում: Մեր սրտերը, ես արվեստագետ եմ, և դա նշանակում է, որ արվեստագետների սրտերը և այսօր էլ կարող եմ ասել, որ այո արվեստագետի սիրտը բոլորի առջև է բաց: Այստեղ չի ասվում, որ հայի սիրտը բաց է թուրքի առաջ, այդպիսի բառ ասողը պետք է 10 անգամ մտածի, նոր ասի»:
Նունե Եսայանը չհերքեց, որ թուրքական թերթին տված իր հարցազրույցում ասել է, որ պատրաստ է համագործակցել թուրք արվեստագետի հետ եւ. «Միայն մեր խաղաղ ապագայի երգը կերգենք միասին և ասել եմ, և դա կլինի ճշմարտության հաղթանակի երգ»։
Երգչուհին այսօր կիսեց նաև Թուրքիա կատարած այցից իր տպավորությունները: Պոլսում հայ երգչուհին հանդես է եկել 2000 հանդիսատեսի առաջ: Տոմսերը վաճառվել էին դեռ համերգից 15 օր առաջ:
Նունե Եսայանը Թուրքիայում նաեւ այցելել է հայկական եկեղեցի, վարժարան, Հրանտ Դինքի գերեզման, հանդիպել Դինքի կնոջ հետ: Եթե նորից համերգային հրավեր ստանա Թուրքիայից, երգչուհին վստահեցնում է, որ չի մերժի: