Երեւանի երեք բժշկական կենտրոններ այս պահին ընդունում են Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաք-համերգի ժամանակ բռնկված հրդեհից տուժածներին։
«Արմենիա» Բ/Կ-ի վերակենդանացման բաժանմունքում «Ա1+»-ին տեղեկացրին, որ այս պահի դրությամբ ընդունել են այրվածքներով դպրոցահասակ մեկ տղա եւ մեկ աղջիկ։ Ըստ տեղեկատվության՝ աղջկա վիճակը միջին ծանրության է, տղայի վիճակը կայուն է։
«Նաիրի»-ում մեզ տեղեկացրեցին, որ հիվանդանոց ընդունված հիվանդների քանակի եւ վնասվածքների ծանրության մասին տեղեկատվությունը ճշտված չէ, քանի որ դեռ նրանց հոսքը շարունակվում է։
Իսկ ԱԻՆ-ի՝ նախնական տվյալներով ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30, «Արմենիա» բժշկական կենտրոն՝ 20, Կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, "Հերացի" թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:
Հիվանդանոց տեղափոխվածներից ոչ բոլորն են վնասվածք ստացել։ Ի դեպ, Նաիրի բժշկական կենտրոն տեղափոխվածների մասին տեղեկատվություն լրագրողներին չի հաջողվում ստանալ։ Նրանց թույլ չի տրվում շենք մտնել։ Այստեղ անվտանգության խիստ միջոցառումներ են։