Տաղանդավոր մարդ, արժանավոր հայ, երեւելի բժիշկ, սրանք ամենահամեստ բնութագրումներն են, որ կարելի է տալ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի տնօրեն Համլետ Թամազյանին։
Բացի մասնագիտական բարձր որակներից` Համլետ Թամազյանն ուներ անկոտրում կամք, քաղաքացիական բարձր դիրքորոշում, երբեք տուրք չէր տալիս քաղաքական կոնյունկտուրային։
Եվ հենց նրա մարդկային տեսակն էր այսօր համախմբել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի բակում ամենատարբեր հայացքների տեր մարդկանց, որոնց որեւէ այլ վայրում միասին տեսնել ուղղակի անհնար է։
Իշխանամետ, թե ընդդիմադիր, գրող, թե զինվոր, երիտասարդ, թե ալեհեր, ուսանող, թե պրոֆեսոր ներկա էին Համլետ Թամազյանի ծննդյան տոնին։ Այսօր նա կդառնար 65 տարեկան։ Հիվանդանոցի առաջին հարկում այսօր բացվեց թանգարան, որտեղ ցուցադրված են Համլետ Թամազյանի մասին պատմող գրքեր, լուսանկարներ, անձնական իրերը։ Իսկ բակում նրա հիշատակը կհավերժացնի ճարտարապետ Արմեն Թադեւոսյանի, քանդակագործներ Դավիթ եւ Յուրա Մինասյանների հեղինակած կիսանդրին։
Հոբելյանական միջոցառումները շարունակվեցին հիվանդանոցի դահլիճում, որտեղ ցուցադրվեց երկու տեսաֆիլմ նրա մասին։ Ֆիլմերից մեկում պատմվում է, թե ինչպես անկախության առաջին տարիներին Համլետ Թամազյանը ապրիլի 7-ի կապակցությամբ կազմակերպում է «Գանձեր» համույթի համերգը հիվանդանոցում՝ հիվանդների համար, բայց որ ամենահետաքրքիրն է՝ համերգային կատարում վիրահատարանում։
Այսօր նաեւ կայացավ «Հավատա, ես քեզ կլսեմ...», կամ անվերջ վերադարձ» գրքի շնորհանդեսը։ Այն կազմել եւ խմբագրել էր բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը։