Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը հայց է ներկայացրել Անկարայի դատարան՝ Էրզրումի (Կարին) պատմական Սանսարյան վարժարանի շենքը վերադարձնելու ակնկալիքով։

Նշենք, որ այս շենքում 1919-ին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ տեղի է ունեցել Օսմանյան կայսրության 6 արեւելյան վիլայեթների ներկայացուցիչների կոնգրեսը, որը հիմք դրեց ժամանակակից Թուրքիայի հանրապետությանը ձեւավորմանը։

«Սանսարյան հիմնադրամն իր բոլոր կառույցներով Կոնստանդնուպոլսի հայոց պատիարքարանին է նվիրաբերել բարեգործ Մկրտիչ Սանսարյանը` 1800 թվականին, հետեւաբար հիմնադրամի գույքի կառավարման իրավունքը պատկանում է Պատրիարքությանը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատրիարքության գույքի վերաբերյալ արխիվային փաստաթղթերը գտնվում են կադաստրի վարչությունում»,- թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ, դատարանում ասել է Պատրիարքարանի շահերի ներկայացուցիչ Ալի Էլբեյողլուն։

Պատրիարքությունը պահանջել է վերադարձնել նաեւ Սըվասի (Սեբաստիա) նահանգում գտնվող մի քանի շինություններ։ Փաստաբանը նշել է, որ Պատրիարքարանը մտադիր չէ սահմանափակվել պատմական արժեք ներկայացնող շինությունների վերադարձով։ «Մենք պատրաստվում ենք փոխհատուցում պահանջել Հիմնադրամների գլխավոր տնօրինությունից՝ 1936-ից ի վեր պատրիարքարանի կրած բոլոր նյութական կորուստների դիմաց», - ասել է նա։

Թուրքիայի հանրապետության հիմնադրման առաջին տարիներին ազգային փոքրամասնությունների անշարժ գույքի մեծ մասը բռնի կերպով ազգայնացվել է։ Մի մասն այս տարիների ընթացքում վաճառվել է երրորդ անձանց։

«Դա հակասում է բոլոր միջազգային իրավական նորմերին, այդ թվում՝ Լոզանի պայմանագրին (1922-ի հուլիսի 23-ի Լոզանի պայմանագիրը Թուքիայի հանրապետության եւ Անտանտի միջեւ, որով ապահովվում էր Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների գույքային եւ այլ իրավունքները - խմբ.)»,- նշել է Էլբեյօղլուն։

Թուրքական պարբերականը նշում է, որ եթե Պատրիարքությանը հաջողվի հաղթել դատարանում, Թուրքիայի հայկական համայնքը Ցեղասպանությունից ի վեր առաջին անգամ Արեւմտյան Հայաստանի տարածքում գտնվող գույք կվերադարձնի։

Նշենք, որ Թուրքիայի կառավարության 2011-ի օգոստոսի 27-ի որոշմամբ, ազգային եւ կրոնական փոքրամասնությունները կարող են վերադարձնել հանրապետության հիմնադրման տարիներին բռնագրավված գույքը։