Մաշտոցի պուրակում այսօր երիտասարդները յուրատեսակ գրախանութ էին բացել։
Ըստ կազմակերպիչների, մարդիկ այստեղ կարող են անվճար ստանալ եւ միմյանց նվիրել գրքեր։
Այս ակցիայով գրախանութի տիրուհիները՝ Նորան եւ Թագուհին իրենց վերաբերմունքն են արտահայտում պետության կողմից սահմանված՝ գրքի վաճառքի անուղղակի հարկման մասին օրենքի նկատմամբ, ինչի հետեւանքով գրքի արժեքը կրկնակի ավելացել, իսկ գիրք գնողները նվազել են։
Այսօր պուրակում ռեժիսոր Տիգրան Խզմալյանն ակտիվիստներին պատմեց 1988-ի այս օրերը, երբ խորհրդային ինտերնացիոնալիզմի ոգով դաստիարակված ու Արցախի ազատության համար պայքարի ելած երիտասարդությունը Սումգայիթյան ջարդերի մասին լուրեր էր ստանում։
«Մեր սերունդը հայացավ այդ օրը՝ քսանչոր տարի առաջ։ Սերունդ, որի համար անգլիական ռոքընռոլը, ֆրանսիական գրականությունը կամ իտալական կինոն ավելի կարեւոր էին, քան ազգային արժեքները»,- անկեղծացավ Տիգրան Խզմալյանը։
Ռեժիսորը հիշեց, որ Արցախյան շարժման առաջին օրերին երիտասարդությունը փորձում էր հարցի լուծումը գտնել քաղաքականությունից դուրս՝ քաղաքացիական պայքարի միջցով։
«Դրա պատասխանը եղավ այս խոսքը՝ Սումգայիթ։ տսանյակ մարդկանց հոշոտեցին, սպանեցին»,- հիշեց ռեժիսորը։
Տիգրան Խզմալյանի խոսքով, այսօր էլ հայ հասարակությունը կանգնած է «նույն դավադիր ուժի առաջ, որը Թեղուտում ու Մաշտոցի պուրակում հնչեցրած արդարացի պահանջներին պատասխանում է նույն կացնային մեթոդներով»։
Այսօր պուրակից մի քանի երիտասարդներ երթով գնացին Եռաբլուր՝ հարգելու Սումգայիթի եղեռնագործության զոհերի հիշատակը։