Արդեն 3 օր է քանդում են Երևանի առաջին փակ շուկան, որը 1950-ականներին ճանաչվել էր որպես Հայստանի լավագույն ճարտարապետական կառույցներից մեկը։ Իսկ այսօր, ըստ Երեւանի բնակիչների, Մաշտոցի պողոտայի սկզբնամասում կառուցված շուկայի շենքը վերակառուցում են, այն սուպերմարկետի վերածելու նպատակով։

Մեր նկարահանող խումբն այսօր փորձեց պարզել, թե ի՞նչ աշխատանքներ են կատարվում Երեւանի դարպասները համարվող ճարտարապետական հուշարձանի ներսում եւ ի՞նչ նպատակով։ Մարատ Ապեյանը, որ ներկայացավ որպես շուկայի պատասխանատու, խստիվ արգելեց ներս մտնել ու նկարահանել, պատճառաբանելով, որ շուկայի տնօրեն Վահագն Մկրտչյանը տեղում չէ:

«Ես խոսեցի Վահագն Մկրտչյանի հետ, ասաց, որ 10-20 օրից մեր մամուլի խոսնակը բոլոր լրագրողների հետ կհանդիպի և կպարզաբանի»,-«Ա1+»-ասաց Մարատ Ապեյանը:

Շուկայի ներսում ընթանում էր լայնածավալ շինարարություն՝ փորում էին ողջ տարածքը: Բանվորների խոսքով, քանդում են, որպեսզի ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցեն:

Սակայն շուկայի պատասխանատուն այլ կարծիքի է։ «Այստեղ նկուղներն են քանդում, մաքրման աշխատանքներ են, ես ուրիշ բան ձեզ չեմ կարող ասել: Մնացած աշխատանքների համար լրացուցիչ տեղեկություն կտանք»,-հայտնեց Մարատ Ապեյանը:

Հիշեցնենք, որ շուկայի տնօրինությունը խոստացել էր. շուկան չի կորցնելու իր տեսքը, իսկ վերանորոգումից հետո էլ վաճառականները շարունակելու են իրենց գործը։

Հիշեցնենք նաեւ, որ Երեւանի փակ շուկան ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի եւ ճարտարագետ Համազասպ Առաքելյանի ստեղծագործությունն է։