Երեկ ինքնասպան եղած ժամկետային զինծառայող Արթուր Ռուբենի Հակոբյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով /ինքնասպանության հասցնելը/, նշանակվել է փորձաքննություն, արդեն հարցաքննվել են զորամասի նրա գործընկերներից ոմանք:

Նախնական վարկածով, Արթուր Հակոբյանը ինքնասպան է եղել ժամապահից վերցրած զենքով: Այս տեղեկատվությունը «Ա1+»-ին հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Նրանից ճշտեցինք նաեւ, թե ինչ վիճակում է ավելի վաղ ինքնասպանություն գործած սպա Արտակ Նազարյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը:

«Գործի քննությունը հանձնվել է ՊՆ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով քննչական բաժնին»,-ասաց Մերի Սարգսյանը եւ հիշեցրեց, որ չորս հոգու մեղադրանք է առաջադրվել: Հիշեցնենք, որ Քր. Օր.-ի 375 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել կապիտան Հակոբ Մանուկյանին`գումարտակի հրամանատարի տեղակալին, 358 հոդվածով մեղադրվում են շարքային զինծառայողներ Ադիբեկ Հովհաննիսյանին,Հարութիկ Կիրակոսյանին եւ Մխիթար Մխիթարյանին` պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու համար»:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի զորամասերից մեկում 6 հոգու սպանության փաստով հարուցված քրեական գործին, ապա այժմ քննիչը գործուղման մեջ է, եւ տեղեկատվություն կտրամադրվի նրա վերադարձից հետո միայն: