Ավագ դպրոցներում կա՞ն, թե ոչ դասագրքեր: Որոշ դպրոցների տնօրեններ վստահեցնում են, որ չկան դասագրքեր, իսկ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունն հակառակն է պնդում:
«Դուք շատ լավ գիտեք` ինչ եք հարցնում, շատ լավ գիտեք պատասխանը` դասագրքեր չկան, ու ծնողներն այդ առումով էլ են մոլորված».-ասաց ընդամենը 25 օր առաջ` օգոստոսի 17-ից նախարարության կողմից լիցենզիա ստացած «Գալիոթ» մասնավոր ավագ դպրոցի տնօրեն Կարինե Մուրադյանը:
Բարձրացված խնդրի վերաբերյալ «Ա1+»-ին Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը պարզաբանեց, որ բոլոր առարկաներից դասագրքերը տպագրվել եւ առաքվել են դպրոցներ. «Պետք է ճշտել, թե դա ինչ թյուրիմացություն է եղել: Միայն գերմաներենի դասագիրքն է ուշացած, քանի որ երաշխավորությունը ուշ եղավ եւ ուշ տպագրվեց: Մնացած բոլոր դասագրքերը ժամանակին հաստատվել են ու երաշխավորվել: Եթե դրանց օրինակներն արդեն 10 օր է` իմ սեղանին դրված են, ես չեմ կարող ենթադրել, որ հանկարծ որեւէ հրաշքով, որեւէ դպրոցում այդ դասագիրքը հասած չլինեն»:
Նրա ասելով` այս պահին ավագ դպրոցներն ունեն 4 դասագրքի խնդիր` ռուսաց լեզվի եւ բնագիտական առարկաների: Խոսքը վերաբերում է միայն հումանիտար հոսքին: Նորայր Ղուկասյանի ասելով` կրթական ծրագիրը կա, սակայն համապատասխան դասագիրք մանկավարժները, գիտնականներն առայժմ չեն կարողանում ստեղծել. ներկայացված դասագրքի տարբերակը բավականին բարդ էր հումանիտար հոսքի համար: «Նույնիսկ կարծիք կա, որ առաջիկայում էլ հույս չկա, որ նման որակի դասագրքեր կլինեն: Ոմանք առաջարկում են ուղղակի վերցնել ու այդ դասագրքերը թարգմանել օտար լեզուներից ու հարմարեցնել մեր ծրագրերին»,- ասում է պարոն Ղուկասյանը:
Հումանիտար հոսքում այս պահին սովորում է մոտ 5-6 հազար աշակերտ եւ կոնկրետ ռուսաց լեզվի եւ բնագիտական առարկաների դասագրքերի խնդրին, ըստ նրա` որոշակի լուծում տրվել է:Կան մեթոդական նամակներ ուղղված ուսուցիչներին, որտեղ նրանց ուղղորդում են` ինչ թեմաների վրա հիմնականում ուշադրություն դարձնել:
Բոլոր դասագրքերի փորձաքննությունն անցնում է Կրթության ազգային ինստիտուտում: Դրանք Նորայր Ղուկասյանի ասելով` դպրոցների տնօրենների կողմից պատվիրվում են աշակերտների թվով եւ սովորաբար տպագրվում են նախատեսվածից 5-10 տոկոս ավելի: Ի դեպ, դասագրքերը վճարովի են. դրանց տարեկան վարձավճարը 250-480 դրամի շրջանակներում է: