«Էրիկի միջոցով մենք նաեւ հասարակությանն ենք փրկում անտարբերությունից: Յուրաքանչյուրն, ով մի փոքրիկ գումար է փոխանցում կամ որեւէ կերպ օգնում է այս նախաձեռնությանը, արդեն անտարբեր չէ. իրեն հետաքրքրում է անծանոթ երեխայի կյանքը, ապագան»,- ասում են "Փրկենք" երիտասարդական նախաձեռնության անդամները,որոնք այսօր հանդիպել էին լրագրողների հետ:

Այս նախաձեռնությունը շուրջ 5 ամիս է, ինչ դրամահավաք է իրականացնում 4-ամյա Էրիկ Սարգսյանի բուժման համար: Էրիկը հիվանդ է ավշային հանգույցների քաղցկեղով: Այժմ բուժվում է Ռուսաստանում: Բժիշկները հավաստում են, որ մի քանի քիմիաթերապիայից եւ որոշ բուժումներից հետո փոքրիկը կապաքինվի: Սակայն բուժումներն ու քիմիաթերապիան թանկ արժեն:

"Փրկենք" երիտասարդ նախաձեռնողներն արդեն կարողացել են Էրիկի հաշվեհամարին փոխանցել մոտ 4 մլն. դրամ (մոտ 11.000 ԱՄՆ դոլար)` սոցիալական ցանցերում դրամահավաքներ, համերգներ եւ սրճարանային դրամահավաքներ իրականացնելու արդյունքում:

Սակայն Էրիկի լիարժեք բուժմանը մնացել է եւս 4 քիմիաթերապիա, որոնց վճարումներն իրականացնելու համար երիտասարդ նախաձեռնողներն ու արվեստագետները կազմակերպել են երկրորդ համերգ-ներկայացումը:

Սեպտեմբերի 12-ին` ժամը 19:00-ին, Երեւանի Մոսկվայի տան դահլիճում կկայանա "Արվեստը հանուն կյանքի" խորագրով համերգ-ներկայացումը, որի ողջ հասույթը կտրամադրվի Էրիկի բուժմանը:

Համերգ-ներկայացմանը կհնչեն «Երազները երազներում» հոգեբանական պարային ներկայացման պրեմիերան` «Միհր» թատրոնի բեմականացմամբ եւ «Երեւակայության հետքերով» դաշնամուրային պատկերներ` Կորյուն Փիլոսյանի ու Ալեքսանդր Իրադյանի կատարմամբ:

Համերգին հրավիրված են նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ Հայաստանի բջջային օպերատորների տնօրենները: