Սեպտեմբերի կեսերին կկայանա «Մարաղա, 10 ապրիլի 1992թ. Սովորական ցեղասպանություն» ֆիլմի պրեմիերան:

Ֆիլմը պատմում է աշխարհի համար անհայտ մնացած ողբերգության, Լեռնային Ղարաբաղի Մարաղա գյուղի գազանաբար սպանված, գերեվարված, գերության մեջ տանջամահ արված ու անհայտ կորած տասնյակից ավել բնակիչների մասին:

«Ներկայումս Նոր Մարաղա գյուղում ապրող նախկին մարաղացիների պատմությունները լույս են սփռում նախկինում անհայտ շատ փաստերի վրա, որոնց միջոցով բացահայտվում են 1992թ-ի ապրիլի 10-ին կատարված ողբերգության պատճառներն ու հետևանքները,-ասում է «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:- Մասնավորապես` մեզ հաջողվել է ապացուցել, որ ադրբեջանցիների կողմից Մարաղայի ոչնչացումը, մասսայական սպանություններն ու գյուղի բնակիչների` կանանց, երեխաների, ծերերի գերեվարումն անմիջական կապ ուներ Բաքվի նավթային շահերի հետ: Բացի այդ` ֆիլմում տեղ են գտել նախկինում անհայտ մի շարք այլ փաստեր և վկայություններ»:

«Սովորական ցեղասպանություն» նախագիծը նախաձեռնել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնը: Ֆիլմաշարի առաջին երկու ֆիլմերը` «Բաքու` հունվար 1990» և «Սումգայիթ` փետրվար 1988», ներկայացվել են համապատասխանաբար հունվարին և ապրիլին: Ֆիլմերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով: Ֆիլմերը տեղադրված են համացանցում և լայնորեն տարածվում են խտասկավառակների միջոցով: