Հարավ Արևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում շահագործման հանձնվեց նորակառույց վերգետնյա հետիոտն անցումը: Այս հատվածում վերգետնյա հետիոտն անցում ունենալու դիմում խնդրանքով բնակիչներն ու հարակից երկու դպրոցների մանկավարժական կոլեկտիվները Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին դիմել էին Սեբաստիա փողոցի վրա Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց նմանատիպ անցման բացման ժամանակ:

Այդ նպատակով Երևանի համայնքային բյուջեից հատկացվել է 51 մլն դրամ:

Նորակառույց անցման առաջին անցորդները Երևանի քաղաքապետն ու հարևանությամբ գտնվող թիվ 181 և 183 դպրոցների աշակերտներն էին:

Հետիոտն անցման կառուցման աշխատանքներն իրականացրել է Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Կամուրջշին» մասնագիտացված ընկերությունը: Երկաթբետոնյա կոնստրուկցիայով, երկթռիչքանի վերգետնյա հետիոտն անցման լայնությունը մոտ 2,4 մ է, երկարությունը` 34, 5 մ, բարձրությունը փողոցի երթևեկելի նիշից 5 մ է: